Շոու-բիզնես

«Որդիս Ամանորը տատիկի և հայրիկի հետ է անցկացնում»․ Զառա Սահակյանը՝ Ամանորի գիշերն աշխատելու և 2020-ից սպասելիքների մասին

«Որդիս Ամանորը տատիկի և հայրիկի հետ է անցկացնում»: Դերասանուհի Զառա Սահակյանի համար տարին գերլարված ու հագեցած է եղել։ Չնայած զբաղվածությանը՝ Զառան գոհ է 2019 թվականից և ժպիտով է ամփոփում տարին։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է Ամանորն աշխատանքային տարբերակով նշելու, որդու հետ տոներին պատրաստվելու և իր սպասելիքների մասին։

«2019-ն ինձ համար լարված ու ծայրահեղությունների տարի էր։ Անհամեմատ ավելի հագեցած տարի ունեցա, անընդհատ վազքի մեջ էի՝ նախ՝ բալիկիս ուսման, հետո աշխատանքի և նկարահանումների հետ կապված։ Ընդհանուր առմամբ, տարին  ավելի շատ դրական, քան բացասական կարող եմ գնահատել։ Շատ գործեր, ցանկություններ ունեմ,  որոնց հասցրել եմ ընթացք տալ, դրանք իրենց շարունակությունը կունենան, կյանքի կկոչվեն 2020-ին, որովհետև ժամանակ է պետք»,- ասաց Զառան։

Դերասանուհին նախորդ տարի Ամանորն արտերկրում է նշել, իսկ այս տարի աշխատելու է, թե աշխատանքից հետո ինչպես է նշելու տոնը, դեռ չի որոշել․ «Զբաղվածությունս այնքան մեծ է, որ դեռ չգիտեմ, թե Ամանորն ինչպես եմ նշելու։ Նախորդ տարի մինչև վերջին վայրկյանն աշխատել եմ, դեկտեմբերի 29-ին էլ նկարահանման բավականին հագեցած օր ունեցանք։ Այնքան երկար աշխատեցի, որ հասկացա վերջ՝ էլ որևէ բան չեմ կարող անել, առավել ևս, պատրաստվել Նոր տարվան։ Շատ արագ որոշում կայացրինք ընտանիքով Ամանորը Հայաստանից դուրս նշել։ Գրաֆիկիս պատճառով հանգստին ընդամենը 5 օր էի տրամադրել, սակայն կարողացա լիովին լիցքաթափվել»։

zara sahakyan

Զառան ասաց, որ ինքն ամեն տարի Նոր տարին աշխատավայրում է դիմավորում, ապա վերադառնում տուն և միանում ընտանիքին․ «Այս տարի ևս դեկտեմբերի 31-ն ինձ համար աշխատանքային է լինելու։  Երևի մեկ անգամ ենք Ամանորը նոյի հետ նշել։ Որդիս Ամանորը տատիկի և հայրիկի հետ է անցկացնում, արդեն սովորել է, որ ես իրենց մի փոքր ուշ եմ միանում։ Ամբողջ տարվա ընթացքում ես ու որդիս անընդհատ միասին ենք լինում, ես իր կյանքից, գրեթե, չեմ բացակայում: Կարծում եմ՝ այդ մեկ օրվա բացակայությունն ինձ կների»։

Հարցին, թե ինչպես է ամուսինն արձագանքում Նոր տարվա գիշերն իր աշխատելուն, Զառան պատասխանեց․ «Ամուսինս նորմալ է նայում դրան։ Ես ոչ բացառություն եմ, ոչ էլ դրա մեջ ինչ-որ արտառոց բան կա, մեր ասպարեզի մարդիկ այդ օրերին սովորաբար նման գրաֆիկ են ունենում»։

Չնայած դեկտեմբերի 31-ի կեսգիշերը դերասանուհին ընտանիքի հետ նշել չի կարողանում,  ակտիվ մասնակցում է նախատոնական պատրաստություններին, նրանք արդեն զարդարել են բնակարանն ու տոնածառը։ Ըստ դերասանուհու՝ տոնածառը զարդարելու պահը որդու համար շատ սպասված է․ «Հիմա մեր տանը փոքրիկ վերանորոգում ենք սկսել, որն արագ կավարտենք, որպեսզի հասցնենք զարդարել տոնածառը։ Որդիս անհամբերությամբ է սպասում, թե երբ է գալու այդ պահը։ Տոնածառն անպայման Նոյի հետ ենք զարդարում, դա արդեն ավանդույթ է դարձել։ Հիմա երեխաների համար ամեն ինչ հասանելի է, երևի թե, միայն տոնածառն է, որ պահում է նրանց հետաքրքրությունն ու ամանորյա հեքիաթը»։

զառա սահակյան

Զառան հիշեց, որ վաղ տարիքում է բացահայտել, որ իր նվերները ծնողներն են գնում, սակայն մինչ օրս որդու հետ հավասար հավատում ու սպասում է Ձմեռ պապիկին։ «Որդուս հետ նամակ ենք գրել Ձմեռ պապիկին, սակայն նա դեռ չի թողնում, որ ուղարկենք։ Երբ ասում եմ՝ նամակը փոստատուն տանենք, առարկում է, թե դեռ ժամանակը չէ, որովհետև ցանկությունների ցանկը չի ավարտել։ Տղաս շատ հետաքրքիր նախասիրություն ունի՝ զինվորական պարագաներ է սիրում։ Վերջին ցանկություններից առայժմ խաղալիքից նռնակն ու փամփուշտներն են»,-ասաց նա։

Դերասանուհին այնքան էլ չի սիրում Ամանորը նշելու հայկական ավանդական տարբերակը, նախապատվությունը տալիս է ընտանեկան փոքրիկ հավաքույթին․ «Եթե տոնական, ավանդական պատրաստություններն ընտանիքին համախմբում են, ոչ թե դառնում հոգս կանանց համար, ես միայն կողմ եմ։ Սակայն երբ դա վերածվում է քաղքենիների տոնի, երբ մեկը խոհանոցում տանջվում է զուտ մյուսներին զարմացնելու համար, կարծում եմ, պետք չէ։  Ամանորի հեքիաթը, տոնի զգացողությունը  լի սեղանի մեջ չէ, այն մարդու ներսից պետք է լինի»։

Womens Club

Ինչ վերաբերում է ցանկություններ պահելուն և 2020 թվականից դերասանուհու սպասելիքներին՝ Զառան ասաց․ «Վերջին մի քանի տարվա ընթացքում ես սկզբունք եմ որդեգրել՝ նպատակներ, երազանքներ պահել ոչ թե տարին մեկ անգամ, այլ ամեն առավոտ արթնանալիս։ Նման սկզբունքով, կարծում եմ, ավելի մոտ ենք լինում մեր երազանքների կատարմանը։ Եթե ունես մեծ երազանք, ամեն օր պետք է փոքրիկ նպատակներ դնես և դրանք կատարելով՝ հասնես ցանկությանդ: Սա արդունավետ է ամբողջ տարվա կտրվածքով, իսկ եթե տարվա համար մի շարք երազանքներ ես պահում, բայց ամբողջ տարի ոչինչ չես անում, բնականաբար, դրանք երազանքներ էլ կմնան։ 2020 թվականից շատ սպասելիքներ ունեմ, որոնք փոքրիկ քայլերով կփորձեմ իրականություն դարձնել»։  

Աղբյուր՝ tert.am

Կիսվել