Ով է Ադրբեջանի սպանված գլխավոր գողի քրեական կայսրության ժառանգորդը
Ով է Ադրբեջանի սպանված գլխավոր գողի քրեական կայսրության ժառանգորդը
Սպանված օրենքով գող, 47-ամյա Նադիր Սալիֆովի, որը հայտնի է Գուլի անունով, քրեական կայսրության տերը դարձել է նրա կրտսեր եղբայրը՝ 44-ամյա օրենքով գող Նամիկ Սալիֆովը (Նամիկ Բաքինսկին): Այս մասին հայտնում է «Նովայա գազետան»։ Նամիկ Սալիֆովն արդեն ընդունել է սպանված եղբոր գործերը. բանջարեղենի շուկաների առևտրականներն այժմ նրան են «հարկ» վճարելու:
Նամիկը, Նադիրի հետ միասին դատապարտվել է Ադրբեջանի Գերագույն դատարանի կողմից 1996թ.-ի հոկտեմբերին։ Նադիրը դատապարտվել է 15 (ավելի ուշ ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականը), իսկ Նամիկը՝ 27 տարվա ազատազրկման։ Սակայն երկու եղբայրներն էլ անհայտ պատճառներով ժամկետից շուտ են ազատվել։
Նամիկն ազատության մեջ է հայտնվել 2001թ.-ի ապրիլին, իսկ 2013թ.-ին Ստամբուլում օրենքով գողի կոչում է ստացել: 2017թ.-ի աշնանը, 22 տարվա բանտարկությունից հետո, Նադիր Սալիֆովը ազատ է արձակվել: Դեռ գաղութում գտնվելու ժամանակ, նա իր վերահսկողության տակ է վերցրել Ռուսաստանի բանջարեղենի շուկաների մեծ մասը և դարձել է դոլարային միլիարդատեր:
Նադիր Սալիֆովին առաջինը «հարկ» են վճարել Սվերդլովսկի շրջանի առևտրականները, ապա նա վերահսկողության տակ է վերցրել Սիբիրի և Ռուսաստանի հարավի շուկաները:
Օգոստոսի 24-ին հաղորդվել էր, որ Նադիր Սալիֆովի սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել: Տեղեկացված աղբյուրը հայտնել է նաև, որ Գուլիի վրա արձակված փամփուշտների քանակը խորհրդանշական է եղել. չորս փամփուշտը Ռովշան Ջանիևի (Լենքորանսկի) մահվանից հետո անցած չորս տարիներն են, իսկ նրա սպանության պատվիրատուն շատերը համարում էին Ադրբեջանի գլխավոր գողին: