Մամուլ

Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Կոտայքի մարզում. բերման են ենթարկվել «քրեական հեղինակություններ»

Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Կոտայքի մարզում. բերման են ենթարկվել «քրեական հեղինակություններ»

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Կոտայքի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 12-ին ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ էր ստացել հանրապետությունում տեղի ունեցած առանձնապես մի քանի ծանր հանցագործություններ կատարողների վերաբերյալ, ու արդեն հոկտեմբերի 14-ին ոստիկանները, վստահ լինելով, որ տեղեկությունները հավաստի են, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում քննիչը միջնորդություն է ներկայացնում դատարան, որպեսզի խուզարկություններ կատարվեն որոշ հասցեներում։

Դատարանը բավարարում է միջնորդությունը, և ոստիկաններն անակնկալ այցելում են Եղվարդ քաղաքի Պարույր Սևակ փողոցի տներից մեկը։

Արդեն տեղում հայտնաբերվում է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 5 մմ տրամաչափի 9 հատ փամփուշտներով, 1 հատ արտասահմանյան տեսակի ատրճանակ, դարձյալ՝ լիցքավորված 9 հատ 9 մմ տրամաչափ փամփուշտներով, մարտական վիճակում 1 հատ «Սայգա» տեսակի ինքնաձիգ՝ թվով 19 հատ փամփուշտներով լիցքավորված, ինքնաձիգի փամփուշտատուփ, որի մեջ եղել են փամփուշտներ, 2 հատ զրահաբաճկոն և 1 հատ զրահագոտի։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ այդ ամենը պատկանում է Երևանի բնակիչ, քրեական պատմություններով հայտնի 39-ամյա Դավիթ Իսպիրյանին։

Վերջինս նույնպես հայտնաբերվել է և հայտնել է, որ այդ ամենը պատկանում է իրեն։

Եղվարդում նրա հարազատին պատկանող տան առաջին հարկի հյուրասենյակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են պայուսակ (барсетка), որի մեջ եղել են փամփուշտներ և դեղնականաչավուն կանեփանման զանգված, որոնք տեղում հայտնաբերված՝ Երևանի բնակիչ, 39-ամյա Գևորգ Սուքիասյանի հայտարարությամբ՝ պատկանում են իրեն։

Նշված տանը հայտնաբերվում են ոչ միայն Դ. Իսպիրյանն ու Գ. Սուքիասյանը, այլ նաև ՌԴ քաղաքացի՝ 33-ամյա Դմիտրի Կորոլյովը։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ տեղեկություններ այս պահին չենք հրապարակում, սակայն Դ. Իսպիրյանն ու Գ. Սուքիասյանը քրեական հարուստ անցյալ ունեն, ովքեր նաև կասկածվում են Երևանում ամիսներ առաջ առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ, և տուժածներից մեկն էլ Ազգային ժողովի «Իմ քայլի» պատգամավոր, ժողովրդին հայտնի «Գռզո» մականվամբ Խաչատուր Սուքիասյանի շրջապատի հետ է կապված։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատարանը նշված անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը։

Կիսվել