Ողբերգական դեպք Երևանում. սեփական տան նկուղում՝ խառատային հաստոցի տակից, դուրս են բերել տղամարդու դի
Ողբերգական դեպք Երևանում. սեփական տան նկուղում՝ խառատային հաստոցի տակից, դուրս են բերել տղամարդու դի
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի փողոցի սեփական տներից մեկի նկուղում խառատային հաստոցն ընկել է քաղաքացու վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի չորրոդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում կատարել ուժեղացված ծառայություն: Հրշեջ-փրկարարները հաստոցի տակից դուրս են բերել նույն տան բնակիչ, 72-ամյա Սեյրան Ա.-ի դին և մոտեցրել դիատարին:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: