Ողբերգական դեպք Երևանում․ 49-ամյա տղամարդը հարևանի տանը աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է
Ողբերգական դեպք Երևանում․ 49-ամյա տղամարդը հարևանի տանը աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10։15-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 11 խումբը կանչով մեկնել է Ղափանցյան փողոցի 29 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ալեքսան Գասպարյանը, պարեկներ Ազատ Հակոբյանն ու Միքայել Գրիգորյանը։Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 49-ամյա Վաչագան Խ․-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս մահացել է էլեկտրահարվելու հետևանքով, որտեղ աշխատանքներ կատարելիս է եղել իր հարևանի տանը։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Քննիչ Վարդանյանի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի փաստով էլ «Շինարարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։