Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. պայմանագրային զինծառայողներից մեկը տեղում մահացել է, 4-ը տեղափոխվել են Սիսիանի զինհոսպիտալ
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. պայմանագրային զինծառայողներից մեկը տեղում մահացել է, 4-ը տեղափոխվել են Սիսիանի զինհոսպիտալ
Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ճանպարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է՝ ժամանեն նաև կայազորի քննչական վարչությունից, քանի որ տուժածների մեջ կան ՀՀ ՊՆ ծառայողներ: Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: