Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են BMW X5-ն ու ՎԱԶ 2110-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են BMW X5-ն ու ՎԱԶ 2110-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 21։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Չկալովկա գյուղի վարչական տարածքում, բախվել են BMW X5 և ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ 4 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4 -րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, ավագ տեսուչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Մխեյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։