Ողբեգական դեպք Երևանում․ նոր կառուցվող էլիտար շենքի 6-րդ հարկից 36-ամյա շինարարը անզգուշաբար ընկել և տեղում մահացել է
Ողբեգական դեպք Երևանում․ նոր կառուցվող էլիտար շենքի 6-րդ հարկից 36-ամյա շինարարը անզգուշաբար ընկել և տեղում մահացել է
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյուրջյան 11/5 հասցե, որտեղ կառուցվող էլիտար շենքի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր նորքի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կամո Միքայելյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Մ․-ն էր, ով աշխատում էր «Գարիկ Խաչատրյան» Ա/Ձ, «Մագա» ՍՊԸ-ում որպես շինարար, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ շինարարական աշխատանքներ կատարելիս, 6-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շինության մոտ կա ցուցանակ, որով պարզ է դառնում որ կապալառուն «Ակուրատ Գրուպ» ՍՊԸ-ն է, կառուցապատողը «Մագա» ՍՊԸ-ն է։
Շինարարության թույլտվությունը տրվել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից, իսկ «Մագա» ՍՊԸ-ի տնօրենը Բագրատ Մակարյանն է, ում պատվերով էլ կառուցվում է շենքը։