Ո՞ր հատապտուղներն ու բանջարեղենն են պաշտպանում քաղցկեղից
Հապալասը կարող է կանխել քաղցկեղը, այս մասին ասել է բժշկական գիտությունների դոկտոր, սննդաբան Մարիյաթ Մուխինան։ Նա բացատրել է, որ այն, ինչը կապույտ է դարձնում այս հատապտուղները, անտոցիանին կոչվող նյութերի առատությունն է:
«Անտոցիանիններն ունեն հզոր հակաօքսիդանտ հատկություն՝ պաշտպանելով բջիջները օքսիդատիվ սթրեսից, ինչը կարող է կանխել ԴՆԹ-ի մուտացիաները և քաղցկեղային բջիջների զարգացումը»,- վստահեցրել է բժիշկը։
Նախկինում ռուս գիտնականները հայտնաբերել էին չորս տեսակի հաղարջի հակաքաղցկեղային հատկությունները: Նշվում է, որ հաղարջը, օրինակ, պարունակում է ցիանիդիններ՝ վերոհիշյալ անտոցիանինների մի տեսակ։ Բացի այդ, այս հատապտուղների մեջ հայտնաբերվել է ակացետին նյութ, որը հայտնի է նաև իր հակաքաղցկեղային ազդեցությամբ։
Մարիյաթ Մուխինան նշել է, որ բժշկությունը գիտի այլ հատապտուղների նման հատկությունները։ Օրինակ՝ ազնվամորին պարունակում է էլագիկ թթու, որը կարող է առաջացնել ուռուցքային բջիջների ապոպտոզ (ծրագրավորված մահ) և կանխել մետաստազների առաջացումը, ընդգծում է բժշկական գիտությունների դոկտորը։
«Որոշ կլինիկական փորձարկումներ ցույց են տվել, որ ազնվամորու էքստրակտի ավելացումը դանդաղեցնում է ուռուցքների աճը մկների մոտ», – ասաց բժիշկը:
Նա հավելել է, որ քաղցկեղը կանխելու համար արժե սննդակարգում ներառել սխտորն ու լոլիկը։
– Հետազոտությունները ցույց են տվել, որ լոլիկի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը տղամարդկանց մոտ: Շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մի ուսումնասիրության ժամանակ նկատվել է շագանակագեղձի հատուկ հակագենի (PSA) մակարդակի նվազում՝ լոլիկի և լոլիկի մթերքների սպառման ավելացումից հետո, ասաց սննդաբանը։