Շուն և կատու պահող քաղաքացիները պետք է պարտադիր հաշվառեն կենդանիներին․ նոր որոշում
Շուն և կատու պահող քաղաքացիները պետք է պարտադիր հաշվառեն կենդանիներին․ նոր որոշում
Տանը կամ բակում, շուն և կատու պահող Երևանի բոլոր բնակիչները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառվեն իրենց կենդանիներին։ Երևանի ավագանին, ընտանի կենդանիների պահման կանոններում վերջերս կատարած փոփոխություններով, հստակեցրեց, թե որտեղ և ինչպես է արվելու հաշվառումը:
«Կանոնների մեջ սահմանվեց մի քանի կետ: Առաջինն ընտանի կենդանիների հաշվառման գործընթացն է, 2-րդը՝ անասնաբուժական սպասարկման վերաբերյալ պահանջն է, ինչը կապված է քաղաքացիների և կենդանիների անվտանգության հետ, և 3-րդը թույլտվությունների տրամադրման գործընթացն է»,- մանրամասնում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը:
«Նոր փոփոխություններով խնամողները պարտավոր են գրանցել իրենց շներին և կատուներին, տանը պահվող կենդանիներին վարչական շրջանների աշխատակազմերում, որտեղ կլինեն հատուկ աշխատակիցներ: Այս որոշումն ունի բազմաթիվ դրական կողմեր, օրինակ՝ կենդանու փողոցում հայտնվելու դեպքում գտնել տիրոջն ու վերադարձնել: Իսկ վերջնականը նպատակը, իհարկե, փողոցում գտնվող շների քանակը կառավարելի դարձնելն է, որից հետո հեռանկարում հնարավոր կլինի ստեղծել կացարաններ»,- ասում է Երևանի ավագանու անդամ Սերգեյ Ապրեսյանը:
Տնային կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար պետք է ներկայացնել կենդանու անանսանաբուժական անձնագիրը, որտեղ նշված կլինի պահանջվող պատվաստումների և նույնականացման մասին տեղեկություններ: Նույնականացումն արվում է անասնաբուժական կլինիկաներում՝ դաջվածքի կամ միկրոչիպի միջոցով: Սա աշխարհում վաղուց արդեն ընդունված գործընթաց է, որի շնորհիվ մարդիկ կարողանում են անգամ շրջագայել իրենց կենդանիների հետ:
«Ամբողջ Եվրոպայում բոլոր կենդանիները պատվաստված են և ունեն միկրոչիպեր: Այն բրնձի հատիկի չափ է և տեղադրվում է մաշկի տակ: Չիպն ունի 15 նիշերով չկրկնվող համարը՝ նույնականացման կոդը: Այս գործընթացը որևէ վնաս չի տալիս կենդանուն:
Ստուգել նունականացման համարը հնարավոր է հատուկ սարքի միջոցով: Սա ամենակարևոր գործընթացն է, որի միջոցով կարողանում ես միանգամից պարզել կենդանու տվյալները, բժշկական միջամտությունները, և, իհարկե, թե ո՞վ է տերը: Իմ շունն ու կատուն ևս նույնականացված են: Երբ Լատվիայից Երևան եկա, շունս կորավ: Գտնելուց հետո, հաստատել, որ այն իմն է, կարողացա ընդամենը մի քանի վայրկյանում՝ նույնականացման կոդի միջոցով»,- ասում է անասնաբույժ Լիանա Վանագան:
Հաշվառվող կենդանիների մասին բոլոր տվյալները կներբեռնվեն էլեկտրոնային տվյալների միասնական շտեմարանում, ինչը հնարավորություն կտա մի քանի տարի անց մայրաքաղաքում գրեթե բացառել ընտանի կենդանիների հայտնվելը փողոցում: Այսպիսով, նոր կանոնների սահմանումը մեծապես կնպաստի նաև թափառող կենդանիների քանակի կրճատմանը քաղաքում։
«Ծրագիրը գրեթե պատրաստ է: Օպերատորը մուտք կգործի և կմուտքագրի տվյալները: Երբ բազայում գրանցված լինի գոնե 3000 կենդանու տվյալ, հնարավորություն կունենանք անդամկացել նաև միջազգային կառույցներին»,- նշում է Գևորգ Նազարյանը:
Կենդանիներին տանը պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար քաղաքացիներից որևէ գումար չի պահանջվում: Սահմանված տեղական տուրքն առայժմ չի գանձվի՝ ոչ այս, ոչ էլ հաջորդ տարի:
«Հետագայում նախատեսվում է արտոնություներ սահմանել մասնավորապես որդեգրված կենդանիների տերերի համար: Այլ դասակարգումներ ևս կլինեն»,- ասում է Սերգեյ Ապրեսյանը:
Այն քաղաքացիները, որոնք չեն հաշվառի իրենց կենդանիներին, ստիպված կլինեն կանոնների խախտման համար վճարել տուգանք:
«Մեր նպատակը ոչ թե գումարներ հավաքելն է քաղաքացիներից, այլ հաշվառման տվյալների ձեռքբերումն է: Կարևոր է, որ մարդիկ հասկանան, որ կենդանի պահելը պատասխանատվություն է, ոչ միայն կենդանու, այլև շրջապատի առջև»,- ընդգծում է Գևորգ Նազարյանը:
Ընտանի կենդանի ունեցող քաղաքացիները պետք է գիտակցեն նաև, որ իրենք կարող են և չստանալ կենդանի պահելու թույլտվություն, եթե, օրինակ, ներկայացված տվյալներն արժանահավատ չլինեն կամ սահմանված կանոնների այլ խախտումներ արձանագրվեն: Այս ամենն արվում է և քաղաքացիների, և, իհարկե, կենդանիների համար: Այժմ խորհրդարանում է նաև օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծը:
Համայնքն իր հերթին նաև տարբեր ծրագրեր է նախաձեռնում, որոնց շնորհիվ քաղաքում ձևավորվում են կենդանիներ պահելու նոր մոտեցումներ և ստեղծվում նոր հարմարություններ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից: