Մամուլ

Շատ տգեղ տեսարան է, պարոնայք ազատամարտիկներ, գեներալներ, կռված տղերք. հիշեք մեկ խրամատի մեջ անցկացրած ձեր ծանր օրերը

«Երկար ժամանակա ականատես չէինք եղել, թե ինչպես են հանրային կերպով միմյանց հետ հաշիվներ պարզում մարդիկ, ովքեր տարիներ առաջ մեկը մյուսի կյանքն էր փրկում, պատերազմի դաշտում միմյանց մասին անհանգստացող ազատամարտիկը հիմա բոլորի ներկայությամբ իրար վրա ցեխ են շպրտում ու թույլ են տալիս դեռ կաթը շուրթերին չչորացած ներկայիս «թիմակիցները» խառնվեն իրենց խոսակցություններին։

Շատ տգեղ տեսարան է պարոնայք ազատամարտիկներ, գեներալներ, կռված տղերք։ Ի՞նչ եք կարծում այդ ամենից հետո ներկայիս երիտասարդ սերունդը ինչ պետք է սովորի ձեզանից։ Երիտասարդ սպաներ, որոնց համար դուք հեղինակություն եք եղել, ովքեր իրենց առաջին քայլերը կատարել են լսարաններում, որտեղ ձեր նկարներ են կախված ու նկարի տակ գրված են եղել ձեր պարգևներ, հիմա երևի ապշած կարդում են ձեր հայտարարությունները։

Ընդհանրապես ցանկացած խնդիր կամ սխալ արտահայտություն, որը կատարվում է զինակից ընկերոջ կողմից կարելի է այլ եղանակով լուծել, կարելի է պարզապես հանդիպել, շատ նեղ շրջապատում իրար բացատրել, որ այս թեմայի մասին խոսել չի կարելի կամ այս արտահայտությունը տեղին չէ։ Ես վստահ եմ ,որ դուք իրար կես բառից էլ կարող եք հասկանալ, եթե խոսքը պատերազմին կամ Արցախին է վերաբերվում։ Անիմաստ լեզու եք դնում աչոկ հավաքող երրորդ ու չորրորդ կարգի «թիմակիցների» բերանում, այն պարագայում, երբ ձեր միակ թիմակից ինքնաձիգն է եղել ու պատերազմի ամենաթեժ պահին ձեզ համար ամենաթանկը հայրենիքը ու զինակից ընկերոջ կյանքն է եղել։

Հիշեք մեկ խրամատի մեջ անցկացրած ձեր ծանր օրերը։ Պատկերացրեք, որ ձեր այս քայլերով օրինակ եք ծառայում այս պահին խրամատում կանգնած զինվորների համար։ Կցանկանա՞ք, որ իրենք էլ վաղը նման կերպ արտահայտվեն Արցախի, պատերազմի ու միմյանց նկատմամբ։ Վստահ եմ , որ չեք ցանկանա։ Բա ինչի՞ համար եք դուք այդպես վարվում։

Փաթթած ունեցեք ցանկացած քարոզարշավ ու որպես իսկական զինակից ընկերներ դուք ձեր նեղ շրջապատում, բոլորի աչքից հեռու պարզեք ձեր հարցերը, որպեսզի կողքից ոչ մեկ կարծիք չհայտնի, որպեսզի ձեր մեջ ոչ մեկ ճիշտ ու սխալ չորոշի։ Դուք բոլորդ էլ ճիշտ եք, նույն հաջողությամբ նաև սխալ, բայց դա չպետք է ազդի ձեր հարաբերությունների վրա, որը ձևավորվել է հայրենիքին ծառայություն մատուցելու սուրբ պարտականության ընթացքում։

Խոնարհվում ենք բոլորիդ անցած ռազմական ճանապարհի առջև»։

Կիսվել