Մամուլ

Շատ բարի, խելոք, նորմալ ընտանիքի տղա է. ո՞վ է «կրիստալ» տեսակի թմրանյութի օգտագործման համար կալանավորված պարեկը

Շատ բարի, խելոք, նորմալ ընտանիքի տղա է. ո՞վ է «կրիստալ» տեսակի թմրանյութի օգտագործման համար կալանավորված պարեկը

Aravot.am-ը գրում է․ «Շատ բարի, խեղճ անձնավորություն էր. խելոք, նորմալ ընտանիքի տղա: Համագյուղացիներն այսպես են բնութագրում մարտի 14-ին «կրիստալ» տեսակի թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու համար ձերբակալված, իսկ երեկ՝ մարտի 16-ին կալանավորված կրտսեր պարեկին՝ Տիգրան Առաքելյանին:

 «Սոցիալական վիճակը ոչ բավարար, չարքաշ գյուղացու նման ապրել է, մինչեւ պարեկ դառնալը տրակտոր է վարել, հողագործություն է արել: Իմ հավատալը չի գալիս: Ինչ ասում են իր հասցեին, ճիշտ չէ: Գերազանց երեխա է:

Պետք չէ միամիտ երեխու վրա սարքեն: Էդքան տարի համայնքում ապրել է, ոչ մի վատ կամ տարօրինակ բան չենք նկատել: Էսքանը կասեմ, մնացածը իրավապահների գործն է»,- Aravot.am-ին ասաց պարեկին լավ ճանաչող Խաչիկ Խաչատրյանը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը՝ մարտի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանի, Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ, Արագածոտնի մարզում իրականացրել էին հատուկ օպերացիա, որը կրել էր «Համակարգից պետք է մաքրել աղբը» անվանումը:

Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել,  ապա օպերատիվ տվյալներն իրացնելով մարտի 14-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի՝ «Շահվերդ» կոչվող հատվածից, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջական ծագած հիմնավոր կասակածանքի հիման վրա ձերբակալվել և ոստիկանության Աշտարակի բաժին էին տեղափոխվել Գեղարքունքի մարզի բնակիչ 29-ամյա Տիգրան Առաքելյանը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ենթարկվել էր անձնական խուզարկության և բաճկոնի գրպանում հայտնաբերվել էր պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ առկա էր եղել 2 հատ փայլաթիթեղյա փաթեթ, որում եղել էր սպիտակ գույնի բյուրեղանման զանգված:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դրանց քաշը կազմել էր 0,91 և 0,96 գրամ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տ. Առաքելյանը եղել էր իր ծանոթի ավտոմեքենայով, ով նույնպես ենթարկվել էր անձնական խուզարկության, նրա մոտ ոչինչ չէր հայտնաբերվել: 

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում  նախաձեռնվել էր քրեական վարույթ, քննիչի որոշմամբ Տ. Առաքելյանը, որպես կասկածյալ, ձերբակալվել էր: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տ. Առաքելյանը աշխատում էր ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտում՝ որպես կրտսեր պարեկ:

Կիսվել