Շատերի կանանց, սիրուհիներին դուր չենք գալիս․ ստվեր ենք նետում նրանց վրա․ Նաիրա Մովսիսյանը հիասթափցած է (Photo)
Շատերի կանանց, սիրուհիներին դուր չենք գալիս․ ստվեր ենք նետում նրանց վրա․ Նաիրա Մովսիսյանը հիասթափցած է (Photo)
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն այսօր մեծ հիասթափություն և վրդովմունք է ապրում. նա, ինչպես գիտենք, վերջին շրջանում զբաղվում է դիմահարդարմամբ, որը և՛ սիրելի աշխատանք է համարում, և՛ եկամտի աղբյուր: Դերասանուհուն այսօր մի շարք հարցեր է մտատանջում և զայրացնում. չկան հրավերներ, նոր առաջարկներ. ամենուր և անդադար նույն դեմքերն են ու նույն դերասանները:
Այսօր նա ստիպված է բացի դիմահարդարումից զբաղվել նաև մեկ այլ աշխատանքով: Այսպիսով՝ դերասանուհին իր խորը հիասթափության, նկարահանվելու առաջարկ չստանալու, իր նոր աշխատանքի և շատ այլ հարցերի շուրջ զրուցել է ShowBiz.am-ի հետ:
Դերասանուհին իր մասնագիտությամբ՝ դերասանությամբ, վերջին անգամ էկրանին երևացել է «Դեպի երազանք 2» հեռուստանախագծում, որի պրոդյուսերը Մենչն էր: Իսկ այսօր նա նոր առաջարկներ, նկարահանումներ չունենալու պատճառով ստիպված իր համար գտել է նաև 2-րդ աշխատանք.
«Քանի որ չեմ սիրում պարապություն, իսկ առաջարկներ էլ չեն լինում, պետք է մեկ այլ բան մտածեի՝ եկամուտս ապահովելու համար: Համենայն դեպս, տարիներ առաջ այդպես չէր. չկային խմբավորումներ: Ես կարծում եմ, որ շատերին ուղղակի ես և ինձ նման շատ դերասանուհիներ խանգարում ենք, շատերի կանանց, սիրուհիներին, ընկերուհիներին ու օգնականներին դուր չենք գալիս:
Ես միայն ինձ համար չեմ ասում. վստահ եմ, որ շատ-շատերը կհամաձայնեն ինձ հետ: Այսօր գրեթե բոլորս զբաղվում ենք ոչ մեր մասնագիտությամբ, ինչը հաճելի չէ: Ամեն անգամ քո հետևորդներին և երկրպագուներին չես կարող պատասխանել, որ չգիտես, թե երբ կլինես էկրանին, չգիտես՝ երբ կլինես բեմում: Երևի թե շատերին խանգարում ենք ու ստվեր ենք նետում նրանց լուսավոր ապագայի վրա»,-ասում է նա:
Այսօր Նաիրան Երևանի հյուրանոցներից մեկում աշխատում է որպես մենեջեր՝ տնօրենի օգնական, որովհետև, ինչպես ինքն է նշում, ցավոք, այլևս այլ բան չկա անելու: Նրան հենց այս գործով զբաղվել ստիպում է և՛ աշխատանքի հանդեպ հետաքրքրությունը և՛, իհարկե, եկամուտը:
Դերասանուհին վստահ է, որ այսօր դաշտում ձևավորվել են խմբավորումներ. ամենուր նույն մարդիկ ու նույն դեմքերն են, և ռեժիսորներին ու պրոդյուսերիներին այլևս հետաքրքիր չեն ինքն ու իր սերնդակիցներից մի շարք դեմքեր.
«Ես չեմ կարող ասել, որ լավ կամ վատ մասնագետ եմ իմ գործում, բայց եթե քեզ ընտրում է հասարակությունը , եթե դու սիրված ես անկախ նրանից, թե երբ ես վերջին անգամ խաղացել բեմում կամ սերիալում, ուրեմն պետք է նաև շարունակես աշխատել: Շատերի համար մենք ստվեր ենք, և երբ հայտնվում եմ ես, և ինձ նման շատ հիշվող դեմքեր, նրանք կորում են»,-ասում է դերասանուհին և իր խոսքն ուղղում ռեժիսորներին.
«Ռեժիսորներին կասեմ, որ չալարեն դեմքեր գտնել. հներին վերականգնելուց բացի փոփոխություններ թող անեն: Եթե մենք համարվում ենք նույն դեմքը, ուրեմն թող չալարեն և մի փոքր աշխատեն: Ռեժիսոր լինելը միայն խնդիր տալը չէ, այլ նաև ռեյտինգ ապահովելն է ստեղծագործության համար»: