Նրանք սիրո մասին չէին խոսում, չէին գրկախառնվում հանրության առաջ. մի կյանք ապրեցրած սերը
Նրանք սիրո մասին չէին խոսում, չէին գրկախառնվում հանրության առաջ. մի կյանք ապրեցրած սերը
Sputnik Արմենիան գրում է․ Մեր բախտը բերել է. սիրո երկու տոն ենք նշում։ Առաջինը մեր ազգային օրն է` Սուրբ Սարգիսը, երկրորդը` կաթոլիկների Սուրբ Վալենտինը։ Մեր ընտանիքում սիրո մասին չեն խոսում. բոլորս զուսպ, բայց ուժեղ սիրո օրինակ ունենք։
Երբ ինձ հարցնում են` ինչը դուրս կբերեի հրդեհվող տնից, փոքր տարիքում ասում էի՝ փողը, ավելի ուշ` փաստաթղթերը, իսկ հիմա ասում եմ` տատիս հարսանեկան զգեստն ու լուսանկարներով փոքր սնդուկը։
Այդ սնդուկում մեր ընտանիքի և տատ ու պապիս սիրո հիշատակն է։ Նրանց սերը զուսպ ու գեղեցիկ էր, առանց ավելորդությունների։
Նրանք հարսանիքի օրը չէին նշում, սուրբ Վալենտինի օրը չէին տոնում և Տրնդեզին կրակի վրայով չէին թռչում։
Տատս պապիս սիրած ուտեստներ էր պատրաստում, սեղանին դնում նրա սիրած սպասքը, հետևում էր, որ միշտ կոկիկ հագնված և սափրված լինի, իսկ պապս հոգ էր տանում տատիս մասին և պաշտպանում նրան ուժերի ներածին չափով։
Նրանք երբեք սիրո մասին չէին խոսում, չէին գրկախառնվում հանրության առաջ, երբեմն նույնիսկ «խայթում» էին միմյանց, սակայն բոլորս զգում էինք նրանց սրտի թրթիռը, երբ միասին էին։
Երկրորդ դասարանում մեր հանդեսին ինձ արքայադստեր դերը բաժին ընկավ։ Տատս հանեց 50-ականների ոճի իր արծաթապղնձագույն երանգի զուսպ զգեստը և կարգադրեց հագնել այն։ Ես պտտվում էի զգեստը հագիս, իսկ նրանք պապիս հետ երջանկությունից փայլում էին։
Այդ ժամանակ պապս առաջին անգամ ինձ պարի հրավիրեց։ Տատիս հարսանեկան զգեստն էր, նրան այդ շորը հագած ես չեմ տեսել. սնդուկում հարսանեկան լուսանկարներ չկան։
Հետաքրքրասիրությունն ինձ խեղդում էր։ Որոշ ժամանակ սպասելով` սկսեցի հարցուփորձ անել տատիս, թե ինչպես են ծանոթացել։
Գրեթե կինոյի արժանի պատմություն։ Պապս վերանորոգում էր իրենց տունը, որպեսզի ամուսնանա և ծանոթության օրը կեղտոտ շորերով է եղել։ Տատիկս նրան չի հավանել, բայց խղճացել է և որոշել է ժամադրության գնալ։
Պայմանավորվել են թատրոնի մոտ հանդիպել։ Երբ տատս սպասելիս է եղել ապագա ամուսնուն, քիչ հեռու մի տղամարդ է կանգնած եղել` վանդակավոր տաբատով, մուգ պիջակով և փարիզյան ոճով կապած շարֆով։
Նրա ձեռքում գեղեցիկ ծաղկեփունջ է եղել, տատս նայել է նրան ու մտածել.
«Ինչ գեղեցիկ տղամարդ է, իսկ ես այն «փնթիի» հետ եմ հանդիպելու։ Բայց… պարզվել է` այդ գեղեցիկ տղամարդը հենց պապս է։ Կարճ ժամանակ հանդիպելուց հետո ամուսնացել են։
Պատմության մնացած մասը հատված առ հատված պատմել են մայրս ու քեռիս։ Բայց ամենահուզիչն իմ սեփական աչքերով եմ տեսել։ Պապիս ծննդյան օրվա նախօրեին տատս պատրաստել էր նրա սիրած բոլոր ուտեստները, հյուրեր հրավիրել և նրան մեծ անակնկալ մատուցել։
Կեսգիշերն անց հյուրերը նոր ցրվեցին, իսկ առավոտյան տատս մահացավ։ Ես տասը տարեկան էի, բայց լավ եմ հիշում, թե ինչպես պապս միանգամից ծերացավ, թուլացավ և մեկնեց Ռուսաստան` քեռուս մոտ։
Նա փոխանցեց մեզ ամենաթանկը` սնդուկը։ Երբեմն գալիս էր մեզ մոտ, բարձրանում երկրորդ հարկ, հանում սնդուկն ու դանդաղ ուսումնասիրում այն։ Այնտեղ պահվող յուրաքանչյուր իր զննում էր մի քանի վայրկյան, իսկ տատիս լուսանկարներին երկար էր նայում։
Այդ արարողությունը ժամեր էր տևում։ Երբեմն նա պատմում էր լուսանկարի պատմությունը, իսկ երբեմն կողք կողքի դնում տատիս, մորս ու իմ լուսանկարներն ու պնդում, որ մենք շատ նման ենք։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում