«Նրանցից յուրաքանչյուրը մի աշխարհ է». նախագահի նստավայրում հյուրընկալվել էին սահմանամերձ գյուղերի երեխաները
«Նրանցից յուրաքանչյուրը մի աշխարհ է»։ Հանրապետության նախագահի նստավայրի հյուրերն այսօր Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար համայնքների, ինչպես նաև Գյումրիի Շալե կենտրոնի երեխաներն էին:
Ավելի վաղ Տավուշի և Շիրակի մարզեր կատարած աշխատանքային այցերի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեխաներին հրավիրել էր նախագահական նստավայր՝ մասնակցելու ամանորյա տոնական միջոցառմանը և միասին նշելու գալիք Ամանորը:
Նախագահական նստավայրում փոքրիկ հյուրերի համար կազմակերպվել էր տոնական շոու-ծրագիր՝ տարբեր խաղային համարներով: Երեխաներին ողջունել, բարեմաղթանքներ են հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, որից հետո նրանք միասին վառել են նստավայրի տոնածառի լույսերը:
Արմեն Սարգսյանը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել է նրանց նախասիրություններով: «Եկեք պայմանավորվենք, որ մյուս տարի բոլորդ լավ եք սովորելու, լինելու եք խելոք և խելացի, որպեսզի դառնաք այն, ինչ երազում եք, որպեսզի մեր հայրենիքը լինի հզոր և ուժեղ: Իսկ ես խոստանում եմ, որ անպայման նորից հյուր կգամ ձեզ»,-ասել է նախագահը:
Լրագրողների հետ զրույցում Հանրապետության նախագահը նշել է, որ հնարավորության դեպքում կցանկանար հյուրընկալել Հայաստանի բոլոր մարզերի երեխաներին, հատկապես նրանց, ովքեր ավելի շատ ուշադրության կարիք ունեն:
«Բոլոր երեխաները տաղանդավոր են, նրանք մեծ ապագա ունեն և մեր բոլորի ուշադրության կարիքը: Նրանցից յուրաքանչյուրը մի հսկայական աշխարհ է, ունեն մեծ գաղափարներ, երևակայություն»,-նշել է նախագահը:
Տիկին Նունե Սարգսյանն էլ ասել է. «Երեխաներից ամեն մեկը մի մոլորակ է: Այս փոքրիկները հրաշք են, գեղեցիկ, խելոք, համարձակ, աշխույժ և շփվող: Ցանկանում եմ, որ մեր երկրի ամեն երեխա լինի երջանիկ և առողջ»:
Երեխաների այցը կազմակերպվել էր Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից: Նրանք ոչ միայն հյուրընկալվել են նախագահականում, այլև հնարավորություն են ունեցել մուլտֆիլմ դիտել «Մոսկվա» կինոթատրոնում, զբոսնել մայրաքաղաքում և ամանորյա նվերներ ստանալ Ձմեռ պապից: