Մամուլ

Նոր նախագծով երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել 0 տարեկանից. Սա թույլ կտա, որ ծնողները ավելի վաղ վերադառնան աշխատանքի

Նոր նախագծով երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել 0 տարեկանից. Սա թույլ կտա, որ ծնողները ավելի վաղ վերադառնան աշխատանքի։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հերթական նիստում ներկայացրել է նախագիծ, որի հիմնական նպատակն, ըստ նրա, նախադպրոցական կրթությունն ու ծառայությունները բազմազանեցնելը եւ ընդլայնելն է` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով գյուղական եւ սահմանամերձ համայնքներին:

Ծրագրով նախատեսվում է նախադպրոցական կրթական հաստատություններում ներդնել այլընտրանքային եւ ծախսարդյունավետ մոդելներ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառման համար ստեղծել համապատասխան պայմաններ: Նախատեսվում են նաեւ կադրերի շարունակական վերապատրաստման մեխանիզմների,  նախադպրոցական կրթություն իրականացնող հաստատություններում կրթության չափորոշիչների ներդրում եւ որակի բարելավում:

Նիստի ընթացքում Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել քննարկել նախագծի հետ կապված պատգամավորների առաջարկները:

Նա ավելի ուշ լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է, որ նախագծի ամենակարեւոր փոփոխությունը համընդհանուր ներառումն է, որը հիմնականում կվերաբերի այն մարզերին, որտեղի դպրոցներն արդեն անցել են համընդհանուր ներառում: Կկիրառվեն նույն մեխանիզմները, ինչ հանրակրթական դպրոցներում:

Նախարարն ասել է, որ այսօր նախադպրոցական կրթության ոլորտում ունենք զրոյական կարգավորում, որոշ դեպքերում նաեւ ինքնագործունեություն, մասնավոր մանկապարտեզների դեպքում եւս առկա է խնդիր. «Հաճախ չենք հասկանում, թե ինչ տիպի կրթական ծառայություն են մատուցում այդ հաստատությունները»:

Օրինագծով առաջարկվում է փոխել նաեւ մանկապարտեզ հաճախող երեխաների տարիքային շեմը: Եթե այսօր մանկապարտեզները նախատեսված են 3-6 տարեկան, որոշ դեպքերում՝ 2 տարին լրացած երեխաների համար, ապա օրենքում փոփոխությունների ընդունման դեպքում՝ կարող են նախակրթարան հաճախել 0-6 տարեկան փոքրիկները: Նախարարի խոսքով՝ տեսականորեն նախադպրոցական եւ նման ծառայություններ կարելի է մատուցել 0 տարեկանից. «Սա թույլ կտա, որ աշխատող ծնողները շատ հնարավորություն ունենան ավելի վաղ վերադառնալու իրենց աշխատանքին»:

Արայիկ Հարությունյանը նկատեց՝ այսօր չունենք մեխանիզմ, որով չափենք կրթական ծառայությունների որակը, ինչպես նաեւ չունենք պարտադիր վերապատրաստումների ինստիտուտ. «Եթե 30-40 տարի շարունակ մասնագետը վերապատրաստում չի անցնում, դա նշանակում է՝ մենք լրջագույն խնդիրներ ենք ունենալու նախադպրոցական հաստատություններում՝ կրթության որակի հետ կապված»:

Նախարարը հույս ունի, որ օրինագիծն ընդունելու դեպքում՝ նախագծի իրականացման համար կլինի նաեւ միջազգային կազմակերպությունների մասնակցությունը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ մանկապարտեզների միջանցքներից բացի, տեսախցիկներ տեղադրվեն նաեւ սենյակներում, Հարությունյանը դա վատ պրակտիկա է անվանել. «Մեր երեխաներն անընդհատ չպիտի լինեն հսկողության տակ»,- ասաց նա: Նաեւ հավելեց, որ այդ հարցն ուսումնասիրել է, երբ Երեւանի ավագանու անդամ էր եւ կարծում է, որ մշտապես տեսախցիկների հսկողության տակ լինելը երեխաների մոտ կարող է հոգեբանական խնդիրներ առաջացնել:

Անդրադառնալով լրագրողի այն պնդմանը, թե հաճախ նախադպրոցական կրթական հաստատություններից երեխաները կապտուկներով են վերադառնում, Հարությունյանը նշել է, որ իր ղեկավարման շրջանում ԿԳՄՍ նախարարությունը նման դիմումներ չի ստացել կամ դրանք եղել են շատ քիչ: Եթե նույնիսկ նման դեպքեր եղել են, ապա, ըստ նրա, առանձնահատուկ ուշադրություն են դարձրել եւ միջոցներ ձեռնարկել: Նոր նախագիծը, նախարարի խոսքով, այս հարցին էլ լուծում կտա. «Կան նորագույն մեթոդներ, որոնք շատ են օգնելու դաստիարակներին՝ ավելի հեշտ լեզու գտնել երեխաների հետ»:

Այս օրենքի ընդունման շնորհիվ, ըստ նրա, կլինի արդյունավետության ամբողջական վերահսկում:

Նախարարի խոսքով՝ այժմ երբեմն մանկապարտեզները կարող են օրական 3 լրացուցիչ կրթական ծառայություն մատուցել, երեխաներին սովորեցնել անգլերեն, ռուսերեն, իսկ փոքրիկներն այդ տարիքում ավելի շատ խաղալու, խաղի միջոցով կրթվելու կարիք ունեն. «Մենք հաճախ բախվում ենք մի իրավիճակի, երբ երեխան գնում է առաջին դասարան եւ գիտի 1-ին եւ 2-րդ դասարանների ամբողջ ծրագիրը: Այդ երեխայի համար հետաքրքիր չէ դպրոցը»: Նա նաեւ հավելել է, որ երբեմն ծնողներին թվում է, որ իրենց երեխաներին ինչքան շատ տանեն խմբակների, այնքան նրանք ավելի կզարգանան, սակայն այդ դեպքում հնարավոր է դպրոցում խնդիրներ ստեղծվեն. աշակերտները կարող են թերահավատություն ունենալ դպրոցի նկատմամբ, դասերին հորանջել, քնել, մեկ այլ բանով զբաղվել:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել