Մամուլ

Նորայր Մայիլյանն այսօր կդառնար 22 տարեկան. տան միակ երեխան զոհվեց Իշխանաձորում

Նորայր Մայիլյանն այսօր կդառնար 22 տարեկան. տան միակ երեխան զոհվեց Իշխանաձորում

«Նորոս զոհվեց»,-գրեց Նիդերլանդներում ապրող տատը՝ տիկին Սվետլաննան։ Այս մասին գրում է Panorama.am-ը։

Նորա՞յրը, որ դեռ երեկ երեխա էր։ 2013 թվականի ամռանը ծովի ջրի՞ց էր, թե՞ ուտելիքից թունավորվել  էր, թուլացել, գունատվել։ Մեր մեքենայով արագ Բաթումիի հիվանդանոց հասցրեցինք։ Տեղի հայ բժիշկն անհրաժեշտ հետազոտություններն արեց, դեղեր նշանակեց։ Հաջորդ օրը Նորայրն արդեն իր նման էր, էլի ափին՝ ստվերում պառկած գիրք էր կարդում։

Թոռնիկի ու կրտսեր դստեր՝ Սիմոնայի հետ Վրաստան հանգստանալու եկած տատիկն անընդհատ կրկնում էր՝ դուք փրկեցիք թոռնիկիս կյանքը։

«Նորոս զոհվեց»,-հազարերորդ անգամ կարդում եմ ու չեմ ուզում հավատել։

Փաստորեն իմ տեսած փոքր Նորոն այնքան է մեծացել, որ զինծառայության է մեկնել ու իր կյանքով մեզ պաշտպանել։

Նորայր Մայիլյանն այսօր կդառնար 22 տարեկան։ Տան միակ երեխան էր։ Զոհվեց 21 տարեկանը բոլորելուց երկու օր անց, Իշխանաձորում։

«2019 թվականին Մոսկվայից վերադարձանք հատուկ Նորայրի զինծառայության նպատակով, նույն տարվա հուլիսի 8-ին զորակոչվեց։ Նորայրն ասում էր՝ ո՞նց կլինի ես չգնամ, չծառայեմ։ Ինչքան էլ փորձեցինք հետ պահել այդ քայլից, չկարողացանք։ Իհարկե, ես քաջ գիտակցում էի մեր երկրի գլխին գալիքը, բայց հենց այսպես չէի պատկերացնում։ Ամենավատը չես մտածում… ասում ես՝ երևի քեզ կշրջանցի»,-պատմում է Նորայր Մայիլյանի մայրը՝ Լիլիթ Ենգիբարյանը։

Մինչ ՌԴ մեկնելը, Նորայրն ընդունվել էր Հայ-ռուսական համալսարանի տուրիզմի ֆակուլտետ։ Նախ միտք ուներ ուսումը Մոսկվայում շարունակել, հետո որոշեց՝ Հայաստանում ծառայելու է, ապա ուսումն այստեղ է շարունակելու։

Վեց ամիս Արամավիրում ծառայելուց հետո տեղափոխվել է Սյունիք՝ Խնձորեսկի զորամաս։ Պատերազմի մեկնարկի առաջին իսկ պահից ներգրավված է եղել ռազմական գործողություններում՝ նախ Ջրական, Սանասար, հետո Հադրութ, ապա Ասկերանով վերադարձել են։ Իշխանաձորի վերջին մայրամուտը Նորայր Մայիլյանը տեսավ հոկտեմբերի 15-ին։

Նորայր Մայիլյան

«Իրենք առջնագծից հետ քաշված են եղել, անօդաչու թռչող սարքն է հարվածել։ Մեզ ասում էր՝ մենք ապահով տեղ ենք, երրորդ գիծ ենք տասներորդ գիծ ենք։ Ասում էր՝ էնքան բան ունեմ պատմելու։

Հայրը՝ Վահանը 90-ականներին մասնակցել էր Ղարաբաղյան առաջին պատերազմին։ Նորոն ասում էր՝ կգամ կպատմեմ, թե ես ինչեր եմ տեսել, էլ երևի կյանքում ինձ ոչինչ չի զարմացնի, ասում էր՝ քո տեսածն ի՞նչն է իմ տեսածի համեմատ։

Էնքան հանգիստ էր խոսում։ Հոկտեմբերի 14-ին էլ զանգել էր Հոլանդիայում ապրող տատիկին, ասել էր՝ զանգի մեր բոլոր ծանոթներին, հարազատներին, ասա՝ թող աշխարհի բոլոր ծայրերում իմ կենացը խմեն»,-պատերազմի ընթացքում որդու հետ կարճ հեռախոսազրույցներից պատառիկներ է հիշում մայրը։

Լիլիթն ասում է՝ որդին շատ էր սիրում զինծառայությունը, մեկ-մեկ ընթերցում է որդու ու ընկերների գրառումները։

«Ընկերները գրել էին՝ Նորո, տարել է քեզ էդ ծառայությունը։ Նույնիսկ մի պահ ասում էր, գալու եմ գնամ Վազգեն Սարգսյանում սովորեմ։ Այդ զինվորական կյանք իրեն շատ էր դուր եկել։ Հետևակի մարտական մեքենայի հրամանատար էր, կրտսեր սերժանտ։ Ես ասում էի՝ Նորո, դու տանկիստ ես։ Ինձ բացատում էր տանկի ու ԲՄՊ-ի տարբերությունները. «Մամա, տանկ չի, ՀՄՄ է»»,-պատմում է Լիլիթը։

Մոսկվայում գտնվող ծնողներին Նորայր Մայիլյանի անմահանալու մասին հայտնել են հոկտեմբերի 17-ին, երբ Հայաստանում գտնվող հարազատները համոզվել են՝ Եղեգնաձորում տեսած զինվորը հենց Նորոն է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել