«Նիկո՛լ ջան, լավով դիմում գրի, գնա, եթե քո մեջ մնացել է մի կաթիլ՝ ինքնասիրության ու պետականասիրության». Աշոտյան (Տեսանյութ)
«Նիկո՛լ ջան, լավով դիմում գրի, գնա, եթե քո մեջ մնացել է մի կաթիլ՝ ինքնասիրության ու պետականասիրության». Աշոտյան
Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին օրվանից էլ պարզ էր, որ այս իշխանությունը, որը եկավ ժողովրդավարական բարեփոխումների դրոշի ներքո, գնալով եվրոպական տարածքում դառնում է, երևի թե, ամենաավտորիտար, անհանդուրժող և ամենակոռումպացված իշխանություններից մեկը և օգտագործում է ցանկացած միջոց ընդդիմախոսներին ճնշելու համար՝ հատկապես արտակարգ դրության պայմաններում։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
««Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի և բերման ենթարկվածների հետ կատարվածն էլ փաստում է, որ արտակարգ դրությունը կիրառվում է որպես մահակ՝ հազարավոր դժգոհ քաղաքացիների քաղաքացիական և քաղաքական ազատությունները սահմանափակելու համար, իհարկե՝ դիմակակրության և սոցիալական հեռավորությունը պահպանելու պահանջի քողի տակ։
Սակայն ոչ միայն ճնշել չի հաջողվում, այլև դժգոհություններն այնքան խորն են, քաղաքական կամքը՝ այնքան պինդ, որ նման գործողությունները հրահրում են հակահարվածներ։
Օրինակ՝ ի՞նչ շահեց Նիկոլ Փաշինյանը երեկ, ոչինչ։ Ընդհակառակը՝ կորցրեց հանրային կարծիք, լրատվական դաշտ և միջազգային հեղինակություն։
Ես, օրինակ, երեկ հեռուստակամուրջ ունեի եվրոպական կառույցներից մեկի հետ և պարզապես պատմեցի կատարված դեպքերը»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ իշխանափոխությունից անգամ երկու տարի անց էլ իրականություն չդարձան հեղափոխական այն կոչերը, թե ՀՀ-ն ժողովրդավարության օազիս է։
«Այն, ինչ մենք տեսնում ենք իրականության մեջ՝ հակաժողովրդավարական է և ժողովրդավարության նահանջ, որովհետև չի կարող լինել ժողովրդավար այն վարչապետը, որն իր քաղաքական հակառակորդներին սպառնում է ֆիզիկական հաշվեհարդարով։ Ցանկացած ժողովրդավարական երկրում նման հայտարարությանը կհետևեր առնվազն հետաքննություն պատկան մարմինների կողմից, որից հետո՝ հրաժարական։
Չի՛ կարող՝ լինի ժողովրդավարություն մի երկրում, որի ղեկավարի հետ շաղկապված կոռուպցիոն սկանդալները նախանձելի պարբերականությամբ սկսել են պայթել, ու փոխանակ նա քաղաքացիներին բացատրություն տա, ասում է՝ հերքելու բան չունեմ։
Նա ասելիք չունի, իսկ իր բերած բացատրությունները քննադատությանն անգամ չեն դիմանում։ Եթե խոսում է փչացածության աստիճանի մասին, հաշվի առնելով ընդդիմադիր և վարչապետ եղած ժամանակ Փաշինյանի դատարկախոս մեղադրանքները շատերի հանդեպ, ապա ամենափչացածն ինքն է»,- ասաց Աշոտյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ Հայաստանում իրականում ավտորիտար պոպուլիզմ է, իսկ կորոնավիրուսը մերկացրեց խնդիրները, մինչդեռ գործող կառավարությունը սովոր էր գործ չանելով՝ լայքեր հավաքելուն։
«Երկրում ստեղծված իրավիճակի պատճառը և՛ կադրային քաղաքականությունն է, և՛ կառավարչական ունակությունների պակասը, և՛ պատասխանատվություն չվերցնելու հանգամանքը։ Հռչակված ապակենտրոն քաղաքականությունն էլ նշանակում է՝ ժողովուրդ, եղունգ ունես՝ գլուխդ քորի»,- ասաց մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում