Ներքին Հանդ գյուղում իրավիճակը լարված է
Ներքին Հանդ գյուղում իրավիճակը լարված է
«Գյուղում իրավիճակը շարունակում է լարված մնալ, այս անորոշությունից մարդկանց մոտ խուճապ է առաջացել»,- այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Ներիքն Հանդ գյուղի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով գյուղի ուղղությամբ տեղակայված դրքերի վրա թշնամու կրակոցներին։
«2020 թվականից հետո թուրքերը առաջացել ու նստել են մեր բարձունքներին, երբ ուզում՝ կրակում են։ Ձմռանը մի քիչ թեթևացել էին կրակոցները, իսկ հիմա՝ գարունը դեռ չեկած, նորից սկսեցին կրակելը, մեր դաժան օրերը սկսվեցին»,- ասաց Ներքին Հանդի բնակիչը։
Ճշտող հարցին՝ այս պահին գյուղում կարկոցների ձայներ լսվո՞ւմ են, մարդիկ շարունակում են գյուղում մնալ, թե՞ տարհանում է իրականացվել, Ներքին Հանդի բնակիչը պատասխանեց․
«Լուսադեմին կրակոցների ձայները թուլացան, այս պահին ոնց որ չկա, բայց չի բացառվում, որ ամեն րոպե վերսկսվի։ Համայնքապետարանը, գյուղապետարանը տարհանման մասին բան չեն ասել, բայց կան անհատներ, որ վախենում են, ուզում են երեխեքին հանեն գյուղից։
Թշնամու նպատակը մեկն է, նման գործողություններով հերթով դատարկել գյուղերը, բայց սա մեր հողն է, մեր հայրենիքը, ո՞նց կարող ենք դուրս գալ, դուրս չենք գալու։ Փաշինյա՛ն, զենք բաժանի, հելնենք պաշտպանենք մեր հողը»։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Ներքին Հանդի վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ, վերջինս, սակայն, հեռախոսազանգերին չպատասխանեց։
Նշենք, որ այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով՝ հայկական կողմը հաղորդել էր 2 զոհ և վիրավորների մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։