«Մտավորականները, իրոք, ամաչում են». Նաիրա Կարապետյանի պատասխանն Աննա Հակոբյանին
«Մտավորականները, իրոք, ամաչում են». Նաիրա Կարապետյանի պատասխանն Աննա Հակոբյանին
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի գրառման հետքերով կամ հեռահար զրույց Աննա Հակոբյանի հետ:
Երկու օր է, ինչ համացանցը քննարկում է վարչապետի տիկնոջ կողմից տարածվող նկարները` մեկ հասարակ եգիպտացորենով և կարկանդակներով, մեկ էլ բարձրակարգ ռեստորաններում ճաշելիս:
Բնականաբար, յուրաքանչյուրս մենք ենք ընտրում, թե ինչ ուտել, որտեղ, ինչպես և ինպիսի հանգիստ վայելել` կախված նախասիրություններից, տրամադրությունից, երբեմն` ֆինանսական կարողություններից: Որևէ մեկը բացառություն չէ:
Սակայն Դուք այսօր Ձեր գրառումը համեմել էիք սարկաստիկ մաղձով, թե` ինչպես Դուք էիք արտահայտվել, միջին վիճակագրական հայ «ուսյալ մտավորականները» ամաչում են միջին վիճակագրական հայ մարդուց…
Գիտեք, Աննա, Ձեր նշած մարդիկ` սրտացավ և հայրենասեր ուսյալ մարդիկ, մտավորականները, իրոք ամաչում են, քանի որ շատ լավ են հասկանում, թե ինչ նպատակով են արվում նման գրառումները և ուր են տանում: Նրանք ամաչում են, քանի որ տեսնում են, որ հերթական անգամ, թաքնվելով հասարակ ժողովրդի թիկունքում, դուք պատրաստում եք հերթական անգամ նրանց մոլորեցնել:
Ասում եք, որ ուսյալ մտավորականները չեն սիրում հասարակ հայ մարդուն, ի նկատի ունենալով, որ դուք սիրում եք: Այդ դեպքում, ինչու՞ եք ցանկանում, որ հայ ժողովուրդ ապրի թշնամու դրոշի ներքո` անպաշտպան թողնելով հասարակ արցախցուն` գիշատիչ Ալիևին դեմ միայնակ:
Այդ Ձեր նշած ուսյալ մտավորականները այսքան տարի պաշտպանել են նրան, անվտանգության երաշխավոր եղել, պայմաններ թելադրել թշնամուն, անգամ «փակ դռների հետևում ստիպել ճանաչել Արցախի անկախությունը»:
Ինչու՞ եք այդ նույն Ձեր նշած Եվրոպական մայրաքաղաքներում գլխիկոր լռում, երբ թշնամին հոխորտում է, թե 30 տարի Հայաստանը օկուպացրել է իր տարածքները, իսկ հիմա էլ նա վերադարձրել է իր հողերը պատերազմով:
Ինչու եք ստորագրում մի փաստաթղթի տակ, որով Արցախի հարցը դառնում է տարածքային վեճ, ինչպես եք «վերադարձնում» Ադրբեջանին տարածքներ, որոնց Հայաստանը չի տիրապետել:
Ձեր կողմից նշված ուսյալ մտավորականները այդ Եվրոպական մայրաքաղաքներում ջանք ու եռանդ չեն խնայել աշխարհին ապացուցելու, որ Արցախի հարցը ժողովրդի ինքնորոշման հարց է, ազատության, հայրենիքի:
Դուք խոսում եք Երևանի կենտրոնից դուրս կյանքի մասին: Փորձե՞լ եք Գորիսից Կապան գնալ ուսյալ մտավորականների օրոք գործող ճանապարհով: Իշխանասարի, Կապանի, Զերմուկի, Վերին Շորժայի գլխին կանգնած թուրքերին տեսե՞լ եք:
Դուք խոսում եք հասարակ հայ մարդու կենցաղի մասին, իսկ տեղյա՞կ եք, թե այդ մարդիկ որքան գումար են ծախսում կոմունալները վճարելու և պարենի վրա: Գիտե՞ք, որքան է թանկացել կյանքը: Գուցե նշեք ուսուցիչների աշխատավարձերն ու կենսաթոշակները, որոնք ավելացել են շատ չնչին: Իսկ որքանո՞վ է ավելացել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձները:
Որքա՞ն ավելի շատ գումար են ստանում երկրի ղեկավարը, դաշնակահար նախագահը, պատգամավորները, նախարարները, Երևանի քաղաքապետը և այլոք` ուսյալ մտավորականների ժամանակների հետ համեմատ:
Հիմա, երբ Դուք վայելում եք կյանքը և համեմում համացանցը կարկանդակներով և եգիպտացորեններով, երբեմն` ռեստորանների նկարներով, դա Ձեր կյանքն է և Ձեր գործը, Դուք ազատ եք Ձեր վայելնքերում, և որևէ մեկը չարությամբ դրան չի արձագանքի, եթե այստեղ չտեսնի հերթական վտանգ` դյուրահավատ հասարակ ժողովրդին հերթական անգամ Ձեր կողմը քաշելու համար: Հավատացեք, այդ մի երկու կարդացած գրքերում այս տեխնոլոգիաների մասին շատ բան կա գրված:
Եվ վերջում բարեկամաբար մի խորհուրդ` հարկավոր չէ հերթական բաժանումն ու տարրանջատումն անել հայ ժողովրդի միջև, հավատացեք, չկան հասարակ և ոչ հասարակ մարդիկ, կան հայեր: Բոլորն էլ մեր քույրերն ու եղբայրներն են:
Բոլորն էլ սիրում են թե կարկանդակ, թե եգիպտացորեն, թե ռեստորանային ուտեստներ, ուղղակի շատերը չեն կիսվում սննդի նկարներով հիմա, երբ 120 000 հայ մարդ ստիպված է կտրոններով մակարոնեղեն, շաքարավազ և ձեթ գնել:
Լավ մնացեք»: