Աշխարհ

Մոսկվայի նոր պլանը․ Ռուսաստանը ծավալում է պերմյակովների բանդաներն Արցախում

Մոսկվայի նոր պլանը․ Ռուսաստանը ծավալում է պերմյակովների բանդաներն Արցախում

lragir.am-ը գրում է. «ՌԴ Պետդումայի անվտանգության հանձնաժողովը փոփոխություններ է պատրաստել, որոնք լրացուցիչ հիմքեր են սահմանում մարտական գործողությունների մասնակիցների վարկաբեկման դեպքում պատասխանատվության համար։

Ցուցակում կներառվեն կամավորները։ Փոփոխությունները կատարվել են Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով։ Ավելի վաղ նրան նման խնդրանքով էր դիմել Վագներ ռազմական միավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։

Ռուսական բանդաների իրավական պաշտպանությանն ուղղված նոր օրինագիծը պատահական չէ։ Ընդամենը երեկ ՌԴ ՊՆ օրինագիծ էր ներկայացրել, որն ընդլայնում է «այն զինվորականների կատեգորիաները, ովքեր հնարավորություն ունեն կամավոր մասնակցել ռուսական խաղաղապահ առաքելություններին»:

Դրանց թվում են ժամկետային զինծառայողները։ Նորմը կարող է ուժի մեջ մտնել հետադարձ ուժով՝ 2022 թվականի օգոստոսից, այսինքն մոբիլիզացիայի շրջանի լեգալ ծիրում: Նշվում է նաեւ պերմյակովների մահվան էսկադրոնների առաքման ճշգրիտ վայրը՝ Արցախ։

ՌԴ ԱԳ նախարար Լավրովն իր վերջին հարցազրույցներում ՌԴ ռազմական մեքենայի համար երկու թիրախ էր նշել՝ Մոլդովան եւ Արցախը։ Մեկը հարում է ռուսական աշխարհն «ընդլայնող» Ուկրաինային, իսկ մյուսը՝ ռուսական նահանջի գոտի Կովկասին:

Մերձդնեստրի շրջան գործուղվող մոբիլիզացիոն զորախմբի նպատակը ռումինական հավանական միջամտությունը կանխելն է, երկրորդ դեպքում՝ արեւմտյան առաջխաղացման հնարավորության բացառումը Հայաստանում: Պարզ ասած, նպատակն է Արցախը բնիկներից դատարկել Փառուխ-Վերին Շորժայի մեթոդական կաղապարի տոտալ կիրառությամբ:

Եվրոպացի դիտորդների, ֆրանսիական ժանդարմերիայի՝ այդ թվում Բերձորի արտատարածքային միջանցքում եւ Արցախում հնարավոր ներգրավման հարցում Մոսկվայի հիստերիան ու սպառնալիքները դրա վկայությունն են։

Պատահական չէ, որ ՌԴ ՊՆ նախագծի հրապարակումից հետո ՌԴ ԱԳՆ-ն վերջ տվեց «ռուս խաղաղապահների համար ՄԱԿ-ի մանդատ» խեղկատակությանը, միաժամանակ հայտարարելով, որ ՄԱԿ խաղաղապահների ներգրավումը իրատեսական չէ։

Մոսկվան գիտակցեց, որ ՄԱԿ մանդատով օժտված լինելու դեպքում նույն մանդատի շրջանակում կարող էին ներգրավվել առնվազն ՄԽ համանախագահներ ԱՄՆ եւ Ֆրանսիայի զինվորականները, ինչը խանգարելու էր Արցախում ռուսների ցեղասպան պլանին։

Կիսվել