Մամուլ

Մի ամբողջ ժողովուրդ ջարդում է երկրի պատուհանները, դուք ասում եք՝ Փաշինյանին վստահում եք, թե չէ. Արմեն Մարության

Մեր զրուցակիցը Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Մարությանն է: Մենք զրուցել ենք հայաստանյան ներքին քաղաքական կյանքի, հեղափոխության, հակահեղափոխության շանսերի, ընդդիմության ձեւավորման եւ այլ թեմաների շուրջ:

-Պարո՛ն Մարության, մայր թատրոնի, պետական թատրոնի ներկայացուցիչ եք: Հետաքրքիր է` մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ շփվելու առիթ ունեցե՞լ եք: Ի՞նչ տպավորություններ ունեք նրա գործելաոճից: Մշակույթի նախարարի փոփոխությունը որեւէ կերպ ազդե՞լ է ոլորտի վրա:

-Ախր ես մշակույթի նախարարի երեսը չեմ տեսել, նա դեռ ոչ մի քայլ չի արել, ես ինչպե՞ս կործիք ունենամ: Երեւի խորհրդարանական ընտրություններից հետո կշփվենք, կարծիք կկազմեմ:

-Նիկոլ Փաշինյանի անձի, նրա թիմի անդամների մասին ի՞նչ կարծիք ունեք: Վստահու՞մ եք նրանց:

-Մի ամբողջ ժողովուրդ ջարդում է երկրի պատուհանները, դուք ասում եք` վստահությու՞ն: Մարդուն հավատում են չէ՞: Նրա թեկնածուն Երեւանում 80 տոկոս ձայն է հավաքում, վստահությունն էլ ո՞նց է լինում: Դա ասելո՞ւ բան է:

-Իսկ ի՞նչ եք կարծում, հակահեղափոխությունը Հայաստանում ի՞նչ շանսեր ունի: Հնարավո՞ր է, որ ժողովրդական շարժումն ինչ-որ փուլում ձախողվի:

-Որտեղ հեղափոխությունն է, այնտեղ էլ` հակահեղափությունը, ո՞նց կարելի էր նման բան չսպասել: Ամեն բան կախված է այն բանից, թե իշխանությունն ինչպես կպահի իրեն: Հակահեղափոխականներն էլ հո քնա՞ծ չեն, սպասում են, որ իշխանությունը սխալվի, ու հարձակվեն: Որտեղ «դիմությունն է», այնտեղ էլ` ընդդիմությունը: Պետք է կարողանալ ճիշտ աշխատել, անաչառ լինել. բարդ բան է դա:

-Դուք շփվում եք արվեստի մարդկանց հետ, տեղյակ եք նրանց սպասելիքներից, այդ շրջանակներում ի՞նչ տրամադրություններ են տիրում:

-Մարդիկ, իսկապես, մեծ հույսեր ունեն, բոլորն էլ բարելավումների են ձգտում: Կարծես հույսի մի շող է բացվել մարդկանց համար: Ես նրանցից չեմ, ովքեր որեւէ երեւույթի մասին միանգամից կարծիք են կազմում․ինձ ժամանակ է պետք, որպեսզի հասկանամ` ինչ է կատարվում: Եվ հետո դեռ պետք է խորհրդարանական ընտրություններ լինեն, թե չէ այս խորհրդարանով ի՞նչ պետք է աներ խեղճ մարդը (նկատի ունի` Նիկոլ Փաշինյանը-հեղ․), ճիշտը խոսենք էլի: Այս խորհրդարանը ոչ մի բան էլ չէր անցկացնելու: Այդ պատճառով եմ ասում, որ ընտրություններն ամեն բան ցույց կտան: Աստված տա` լավ լինի, թե չէ այս ժողովուրդը մեղք է, ես հույս ունեմ, որ գոնե մեր թոռները պայծառ ապագա կունենան, լավ կապրեն:

-Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունը կարող է անցնել խորհրդարան առանց կաշառք բաժանելու: Դուք դա հնարավոր համարու՞մ եք:

-Ամեն կուսակցություն էլ իր համախորհներն ունի: Եթե իրենք կարողանան նվազագույնի շեմը հաղթահարել, ավելի լավ․ որքան շատ կուսակցություններ լինեն խորհրդարանում, այնքան լավ, այնքան հետաքրքիր կլինի, այլապես Հայաստանը կդառնա միակուսակցական երկիր ԽՍՀՄ-ի նման: Անպայման պետք է ընդդիմություն լինի, որ «թագավորի» սուրը աջ ու ձախ չկտրի, կտրելուց առաջ ասի` կարո՞ղ է էսինչ մարդն ինձ դեմ դուրս գա, չնայած Նիկոլ Փաշինյանը խելոք մարդ է, զարմանալի խելոք եւ պատրաստված: Հավատում եմ, որ այդպիսի բան չի անի:

Առավել մանրամասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի համարում

Կիսվել