Միհրան Պողոսյանը ՌԴ-ում ազատվել է կալանքից
168.am-ի հավաստի աղբյուրների՝ ՌԴ իրավապահ համակարգը ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին ազատել է կալանավորումից ու նրա համար սահմանել է տնային պայմանական կալանքի խափանման միջոցը, մինչև վերջնականապես կլուծվի վերջինիս՝ քաղաքական ապաստանի հարցը։
Ուշագրավ է, որ դա տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպումից առաջ, ու մեր իշխանություններն այս ընթացքում ամեն կերպ թաքցրել են այս փաստը։
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: