ՄամուլՔաղաքականություն

«Մեր խմբակցությունում կան մարդիկ, ովքեր անազնիվ են ու անպարկեշտ․ փորձում են մեկ ուրիշի համբավը իջեցնել, որ ժողովրդի աչքին լավ երևան»․ ԲՀԿ-ում պայթյուն է սպասվում

Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ խմբակցությունում կան անազնիվ մարդիկ:

«Մեր խմբակցությունում կան մարդիկ, ովքեր անազնիվ են, անպարկեշտ են եւ փորձում են մեկ ուրիշի բարի համբավը իջեցնել, որ ժողովրդի աչքին լավ երեւան»:

Բանն այն է, որ ըստ Ուրիխանյանի՝ իր գործընկերներն իրեն խաբել են եւ ԱԺ կանոնակարգ օրենքում կատարվող աղմկոտ փոփոխությունից առաջ իրեն այլ նախագիծ են ներկայացրել: Պատգամավորը նաեւ տեղեկացրեց, որ ինքը քվեարկության օրը գործուղման է եղել եւ ԱԺ կանոնակարգի համաձայն իր քվեարկությունը նախապես է կատարել եւ իր դիրքորոշումը փակ ծրարով հանձնել է ԱԺ քարտուղարությանը:Սակայն արդեն դրսում տեղեկացել է, որ, ինչպես ինքն է հայտարարում, իրեն խաբել են:

«Ես ԱԺ խորհրդի անդամ եմ, խորհրդի նիստի ժամանակ բերվել էր համապատասխան նախագիծը, որով ԱԺ կանոնակարգում պետք է փոփոխություն կատարվեր: Այն վերաբերվում էր Քննիչ հանձնաժողովի տեխնիկական հարցերին: Մինչեւ իմ գործուղման մեկնելը՝ ուշ երեկոյան, ոչ մի փոփոխություն չեղավ: Հանջորդ օրը տեղի է ունենում լրացում, արտահերթ նիստում դնում են քվեարկության եւ ստացվում է, որ ես կողմ եմ քվեարկել մի անմեղ նախագծի, որտեղ սեւ պատմություններ կան»,- ասաց նա:

ԲՀԿ գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, սակայն, չի կիսում գործընկերոջ տեսակետը:

«Մեր խմբակցությունում անազնիվ մարդ չկա: Ես չգիտեմ ում մասին է խոսքը: Ես Ուրիխանյանի մամուլի խոսնակը չեմ, դիմեք իրեն»:

ԲՀԿ-ում տարաձայնություններն այսքանով չեն եզրափակվում: ԲՀԿ-ն լքել է Ազգային ժողովի պատգամավոր Վահան Կարապետյանը, որը հանրությանը հայտնի է Չերիի Վահան անունով եւ ԱԺ հնաբնակներից՝ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Վերջինս մեր զրույցում հաստատեց տեղեկությունը, որ Կարապետյանի հետ միասին լքել է ԲՀԿ-ն: Ի դեպ, Խաչատրյանը պատրաստվում է նաեւ նոր կուսակցություն հիմնել:

«Ես դեռ վերջնական չեմ որոշել կուսակցություն ստեղծելու եմ, թե՝ ոչ: Ես սատարում եմ Նիկոլին: Նիկոլը կօգնի, փոքր ու միջին բիզնեսը կծաղկի, կշատանա, տեսակարար կշիռը կբարձրանա: Եթե Նիկոլը չցանկանա, որ մենք առանձին կուսակցությունով մասնակցենք, մենք չենք մասնակցի: Մեզ դա պետք չի, ինձ ձեռք է տալիս այն իրավիճակը, ինչ այսօր գոյություն ունի»,- ասաց Խաչատրյանը եւ հրաժարվեց ասել, թե ինչու է լքել ԲՀԿ-ն: Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ն լքածների մասին նշեց.

«Դա իրենց բացարձակ իրավունքն է: Ես միշտ ասել եմ, որ մարդիկ, ովքեր հեռանում են կուսակցությունից, այդ մարդկանց էջը՝ որպես մարդ եւ որպես քաղաքական գործիչ, ինձ համար փակ է: Ես իրենց չեմ անդրադառնալու, իրենց գործն է: Ուզում եմ հիշեցնել մեր նախկին կուսակից Արագած Ախոյանի խոսքը, երբ վերջին համապետական ընտրություններին ինքը մասնակցեց ՀՀԿ ցուցակով եւ այնքան պարկեշտություն ունեցավ, որ տապալումից հետո անկեղծ հայտարարեց՝ ինչ արած, մեր ժողովուրդը ճամբարափոխներին չի սիրում ու չի ներում: Դա բացառապես Վահան Կարապետյանի եւ Լյովա Խաչատրյանի գործն է»:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել