Մամուլ

Մեր բարդ պատմության պատճառով մենք նորմալ հարաբերություններ չունենք մեր որոշ հարևանների հետ․ դա փոխել է պետք․ Փաշինյան

Մեր բարդ պատմության պատճառով մենք նորմալ հարաբերություններ չունենք մեր որոշ հարևանների հետ․ դա փոխել է պետք․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի բոլոր հարևանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը, այս մասին Փաշինյանն ասել է չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ դասեր է Հայաստանը քաղել  վերջին 15 ամսվա ընթացքում:

«Մեր բարդ պատմության պատճառով մենք սովորել ենք նորմալ հարաբերություններ չունենալ մեր որոշ հարևանների հետ: Դա փոխելը մեր երկրի համար կենսական կարևոր նշանակություն ունի:

Շատ պարզ է թվում, սակայն դրա իրականացումը  տասնյակ խնդիրների հետ է կապված. կան որոշ հոգեբանական և պրակտիկ խնդիրներ:

Հայ հասարակության համար նման ուղերձը դյուրամարս չէ»,-նշել է վարչապետը:

Նա պատմել է, որ վերջերս Ազգային ժողովում խոսել է Հայաստանի հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, և ընդդիմադիր մի պատգամավոր ընդդիմացել է՝ ասելով, որ վարչապետն այնպես է խոսում, ասես Հայաստանի հարևանը Շվեդիան է:

«Ես պատասխանեցի՝ լավ կլինի, եթե ուսումնասիրենք Սկանդինավիայի և Եվրոպայի պատմությունը: Եթե մենք կարծում ենք, որ Սկանդինավիան միշտ այդքան խաղաղ է եղել, որքան հիմա, մենք սխալվում ենք:

Այդ ժամանակ  ինձ ընդդիմացան՝ ասելով, որ, ի տարբերություն մեզ, Սկանդինավիայում ցեղասպանություն չի եղել:

Այո՛, մեր և Սկանդինավիայի միջև շատ տարբերություններ կան, սակայն կարծում եմ՝ էությունը հստակ է՝ պատմություն կերտողները մարդիկ են»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանն ու հավելել՝ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Վրաստանի ու Իրանի հետ և պետք է շարունակի բարելավվել այդ հարաբերությունները:

Նրա խոսքով՝ Հայաստանն այժմ գրեթե ոչ մի հարաբերություն չունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչը պետք է փոխել:

Կիսվել