Մենք հավերժ ապրելու ենք հայրենի Զանգեզուրում․ Ալիև
Մենք հավերժ ապրելու ենք հայրենի Զանգեզուրում․ Ալիև
«Այսօր մենք հայրենի Ղարաբաղի հողի վրա ենք, հայրենի Զանգեզուրի հողի վրա, եւ այստեղ ենք լինելու հավերժ։ Ադրբեջանցի ժողովուրդն իրավամբ ապրում է հպարտության զգացումով»,- մարտի 18-ին, Նովրուզ բայրամի տոնի առիթով, դիմել է նա ադրբեջանցի ժողովրդին Թալիշ գյուղից։
«Այսօր Հայաստանը, որը հայտարարում էր, որ Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, որը մեզ սպառնում էր նոր պատերազմով, նոր տիրոջ որոնման մեջ է։ Դրանից ոչ մի օգուտ չի լինի։
Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, կա մի պայման. նրանք պետք է ընդունեն մեր պայմանները, պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա կատարեն սահմանազատման աշխատանքները։
Իրողությունները՝ կապված օկուպացիայի, պատերազմի հետ, հետխորհրդային իրողությունները պետք է գտնեն եւ կգտնեն իրենց արտացոլումը խաղաղության բանակցություններում։ Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինի։
Որոշ հայամետ երկրներ ճանաչում են «Լեռնային Ղարաբաղի անկախությունը», որը աշխարհի քարտեզին գոյություն չունի, գոյություն չունի Ադրբեջանի տարածքում։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ օկուպացիայի ժամանակ այդ բոլոր ուժերի միակ նպատակն օկուպացիան հավերժ դարձնելն էր։
Չլուծել այդ հակամարտությունը, այլ սառեցնել այն»,- ասել է Ադրբեջանի նախագահը։