Մամուլ

Մենք ինչ ենք արել վերջի 30 տարում՝ նույնիսկ սեփական ավիափոխադրող չունեինք մինչև վերջերս, ամեն ինչ ռուսներինն է․ Բակուր Մելքոնյան

Մենք ինչ ենք արել վերջի 30 տարում՝ նույնիսկ սեփական ավիափոխադրող չունեինք մինչև վերջերս, ամեն ինչ ռուսներինն է․ Բակուր Մելքոնյան

Գործարար Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ընկերս հարցրեց. Ինչո՞ւ բան չեմ գրում ստեղծված իրավիճակի մասին…

Ստեղծված իրավիճակը էնքան բարդ և շերտային ա, որ գրելիս պիտի շատ խորը վերլուծություններ անել, հարցականների պատասխաններ իմանալ, շատ լուրջ ու բազմակողմանի ինֆորմացիայի տիրապետել…, թե չէ Ռուսաստանը դավաճանեց հուզական մակարդակի գրառում ես էլ կարող եմ անել, բայց նախ դրա պակասը չկա, երկրորդն էլ կարծում եմ Ռուսաստանի հետ ամուսնացած չէինք կամ սիրեկաններ չէինք, որ դավաճանեց: Որպես գործարար բիզնես օրինակ բերեմ:

Ծանոթներիցս մեկը ամբողջ մի գործարան էր հիմնել և ապրանքը արտահանում էր մի պատվիրատուի, 10 տարուց ավել շատ մեծ եկամուտներով աշխատում էր, երբ ասում էի ապրանքդ փորձի տեղական շուկայում էլ վաճառել, այլ երկրներում էլ, ասում էր. այ ախպեր բա դա ինձ հազար տարի պետք ա՞, ընգնեմ մանր մունր պատվերների հետևից…:

1000 տարի չէ, 12 տարի անց պարզվեց, որ շատ պետք ա, որովհետև հանկարծ էդ պատվիրատուն դադարեցրեց պատվերը և ծանոթս հասկացավ, որ պետք է մի բան անել, բայց էլ չկարողացավ, տեղական շուկան լիքն էր մրցակիցների ապրանքներով, ուրիշ երկիր էլ մինչև ուսումնասիրեց ու փորձեց հասկանալ, արդեն փողերը պրծան ու ֆիրման սննկացավ…

Փորձենք վերլուծել չոր փաստերով, Ռուսաստանը չկատարեց իր պարտավորությունները, որովհետև իր պետության շահերը էս պահին ավելի համընկնում են Թուրքիայի հետ, կախվածությունը մեծ է Թուրքիայից և մի շատ կարևոր ֆակտոր էլ չմոռանանք՝ հայկական համայնքը որպես գործոն, Ռուսաստանում սկսեց զիջել իր դիրքերը թուրք-ադրբեջանականին:

Այս օրերի վառ օրինակը բերեմ, Բայդենի վարչակազմի և Իսրայելի վարչապետ Նետանյահույի հարաբերությունները մեղմ ասած շատ լարված էին, բայց Խամասի հարձակումից ժամեր անց ԱՄՆ-ն ցույց տվեց իր բացահայտ աջակցությունը, ոչ թե մտահոգությամբ, այլ 8 միլիարդ փողով, լիքը զենքով և ահռելի մեծ ռազմական, զորքով լի 2 նավերի Իսրայել ուղարկելով:

Մենակ չմտածեք, որ Բայդենը սկսեց սիրել Նետանյահույին: Հրեական համայնքը այնպես հզոր է ԱՄՆ-ում, որ վստահ եմ նույնիսկ մուսուլման պրեզիդենտ ունենալու պարագայում, ԱՄՆ-ն իր ամբողջ ուժով օգնելու է Իսրայելին: Մի ուշագրավ բան էլ տեղի ունեցավ այս մի քանի օրվա մեջ, շատերը, նույնիսկ լուրջ վերլուծաբաններ սկսեցին խոսել իսրայելական բանակի պրավալի մասին:

Նորից պարզապես չոր թվեր բերեմ. Իսրայելի վրա հարձակված Համասի ռազմական թևը մոտ 12֊ից 20 հազար է, Հեզբոլահի քանակը ավելի գաղտնի է, բայց ամենաճոխ հաշվարկներով կարող է հասնել 30 հազարի, նույնիսկ նման դեպքում 2-ը իրար հետ ունեն մաքսիմում 50 հազար վատ զիված, բայց ընդունենք նաև, որ ուժեղ մոտիվացված զորք: Նայենք Իսրայելին, կանոնավոր բանակը 150 հազարից մի փոքր ավել է և հիմա ուշադրություն!, ընդամենը 48 ժամ հետո բանակի թիվը պահեստազորայինների հաշվին անցավ կես միլիոնը!!! և հիմա ավելի ուշադիր մի ավելի հետաքրքիր փաստի վերաբերյալ, պահեստազորայինների մի մեծ մաս եկավ ԱՄՆ-ից ու Եվրոպայից, իսրայելական քաղավիացիայի ինքնաթիռները թռիչքները կրկնապատկել էին այդ երկրներ, որովհետև զորակոչի արդյունքում հարյուր հազարավոր հրեաներ վերադառնում էին հայրենիք, լինելով այլ երկրի քաղաքացիներ:

Դե հիմա եկեք ազնիվ լինենք, եթե պատերազմ լինի ու Հայաստանը ինքնաթիռներ ուղարկի Մոսկվայում, Լոսում ու Փարիզում հայերին հայրենիք կռվի բերելու, քանի՞ հոգի կգա: Շատ քիչ կամավորներ… Բայց մի շատ կարևոր բանի մասին պետք է խոսել էս պահին, դա նրանից չէ, որ հրեան ավելի հայրենասեր է քան մենք, քավ լիցի, իրենք ավելի շահամոլ են, եսասեր, մեզնից “շուստռի” են:

Բա ինչի եկա՞ն, կհարցնեն շատերը: Որովհետև տարիներ շարունակ Իսրայել պետությունը այնպիսի ճիշտ քաղաքականություն է վարել իր համայքների հետ, այնպիսի լծակներ է ստեղծել, որ հրեա մարդուն ավելի “ձեռնտու” է չփախնել զորակոչից…

Մենք ինչ ենք արել վերջի 30 տարում՝ նույնիսկ սեփական ավիափոխադրող չունեինք մինչև վերջերս, կապը ռուսներին է, ՀԵՑ-ը ռուսներինն է, նույնիսկ վախեցել ենք Իրանից գազատար անցկացնել, գազն էլ է ռուսներինը, ատոմակայանը, ջեկը, հեկը, մեկը, տեկը… ու էլ չգիտեմ ինչերը, բոլորը ռուսական են:

Հիմա մյուս կողմն էլ նայենք, մեկ էլ մեկը կգրի՝ պիտի էդ ամենը տանք Ֆրանսիացիներին, իրենք են մեր բարեկամները: Եթե չենք ուզում, որ մի քանի տարի անց էլ Ֆրանսիային, Ամերիկային կամ ցանկացած այլ պետության հայհոյենք ու խոցված սրտով սրտաճմլիկ պոստեր գրենք էդ երկրի դավաճանության մասին, պիտի թարգենք էս պարզ մտածելակերպը, որ ինչ-որ մեկը մեզ էնքան պիտի սիրի, որ մեր փոխարեն կռվի, մեր տնտեսությունը զարգացնի, մենք էլ մեր համար առոք-փառոք ապրենք ու ռեստորաններում մեր ազգի կենացը խմենք…

Նման մտածելակերպով ազգը (թեկուզ սխալ է էս դեպքում դա կայացած ազգ համարել, մենք դեռ ժողովուրդ ենք), նման մտածելակերպով ժողովուրդը ազգ չի կարող դառնալ, պետականություն և լիիրավ անկախություն չի կարող ունենալ…

Կրթվել է պետք, աշխատել է պետք, ՀԱՅԿԱԿԱՆՆ է պետք ստեղծել, պետականամետ մտածողություն է պետք, հայկական հզոր համայքներ է պետք ձևավորել սփյուռքում, համախմբված, գաղափարական, կարճ ասած անձնական շահից վերև պետական շահ տեսնող հասարակություն է պետք կրթել ու ձևավորել:

Ես ինձ մի փոքր մասնիկն եմ համարում վերը նշվածն իրականացնելու համար:

Լինելով 2 ամենահզոր հայկական ակումբների հիմնադիր անդամ և ելնելով առկա իրավիճակից, էլ ավելի եմ ակտիվացնելու իմ մասնակցությունը հասարակական գործունեության մեջ, աջակցելու եմ երկրում գործարար միջավայրի հզորացմանը, հայ գործարարների համախմբմանը, համատեղ ծրագրերի իրագործմանը, սոցիալական բիզնեսների զարգացմանը…»:

Կիսվել