Մամուլ

Մանրամասներ` Պեմզաշենում մոր ու 2 երեխաների մահվան առեղծվածային դեպքից

Մանրամասներ` Պեմզաշենում մոր ու 2 երեխաների մահվան առեղծվածային դեպքից

Aravot.am-ը գրում է․ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում այսօր մահվան առեղծվածային դեպք է տեղի ունեցել. տներից մեկի հատակին հայտնաբերել են ընտանիքի անդամների` 31-ամյա Զարինե Մ.-ի և նրա երկու անչափահաս երեխաների` 12-ամյա դստեր և 8-ամյա որդու մարմինները։

Ըստ աղբյուրի՝ տղա երեխայի ոտքերը կապված են եղել տուկի թելով։

Եղել են արնանման հետքեր։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից։

Նա հայտնեց, որ ոստիկանությունը ժամը 13.45-ին ԱԻՆ ճգնաժամային կենտրոնի 911 ծառայությունից ահազանգ է ստացել, որ Պեմզաշեն գյուղում կա փակ դուռ։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ընտանիքի անդամների մարմինները։ Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում այս պահին աշխատում է օպերատիվ քննչական խումբը։

Մենք փորձեցինք որոշ մանրամասներ ճշտել Պեմզաշենի վարչական ղեկավար Աղասի Վարդանյանից, նա միայն փոխանցեց, որ ինքը ևս դեպքի վայրում է, այստեղ աշխատում են ոստիկանները և քննչական խումբը, այլ մանրամասների չի տիրապետում։

Արթիկի փոխհամայնքապետ Վարդան Մակեյանից տեղեկացանք, որ տան հայրը ՀՀ֊ում չէ, նա արտագնա աշխատանքի է Ռուսաստանի Դաշնությունում։ Մայրը` Զարինե Մ.֊ն, աշխատում է Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ գործող “Պեմզաշենի առողջության կենտրոն” ՊՈԱԿ֊ում` որպես օպերատոր։

Այսօր երեխաները դասի չեն հաճախել, մայրն էլ աշխատանքի չի գնացել։ Երբ դպրոցից ու աշխատավայրից հետաքրքվել են, թե ինչ է եղել, զանգահարել են, բայց նրանք հեռախոսազանգերի չեն պատասխանել, հարևանները թակել են դուռը եւ, տեսնելով, որ այն փակ է, միանգանից ահազանգել են ԱԻՆ ճգնաժամային կենտրոն։

Ընտանիքի 3 անդամների մարմինների վրա էլ եղել են բռնության հետքեր։

Կիսվել