Մամուլ

Մանրամասներ երեկ Արտաշատում տեղի ունեցած կրակոցներից․ վիրավորը հայտնի «Գազի Հովոն» է

Մանրամասներ երեկ Արտաշատում տեղի ունեցած կրակոցներից․ վիրավորը հայտնի «Գազի Հովոն» է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ Արտաշատ քաղաքի բնակչի՝ հրազենային վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու, նախօրեին տեղի ունեցած դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների, 2022թ. մարտի 28-ին՝ ժամը 20:50-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը «որովայնի առաջային պատի թափանցող, միջանցիկ հրազենային վիրավորում, ներքին արնահոսություն, հեմոռագիկ շոկ, դեմքի աջ կողմնային շրջանի միջանցիկ հրազենային վիրավորում, ձախ արմնկային շրջանի միջանցիկ հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Արտաշատ քաղաքի 62-ամյա բնակիչ:

Ահազանգի հիման վրա իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս նշված վնասվածքներն ստացել է Արտաշատ քաղաքի Խարազյան փողոցի շենքերից մեկի բակի հարակից տարածքում, որտեղ իրականացված զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, 9 մմ տրամաչափի պարկուճներ և գնդակ:

gazi hovo krakocner

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Արտաշատ քաղաքի բնակիչը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական մի շարք գործողություններ, այդ թվում՝ առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Կիսվել