«Մայր Հայաստանի» անմոռաց լեգենդը
«Մայր Հայաստանի» անմոռաց լեգենդը
Պատերազմ, հաղթանակ, անկախություն, թավշյա հեղափոխություն, Նոր Հայաստան. այս պատմական բոլոր ժամանակաշրջաններն ապրած ու վերապրած հայ ազգի չմոռացված լեգենդը, մեր հերոսության խորհրդանիշ տիկին Գենյան, ով 78 տարին է բոլորել, այսօր էլ ապրում է մեր կողքին՝ բոլորին հույս ու լավատեսություն հաղորդելով։
«Արմենպրես»-ը գրում է․ Բոլորիս հայտնի «Մայր Հայաստան» հուշարձանը, որ կառուցվել է որպես Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի խորհրդանիշ, տեղադրվել է 1950 թ., ի սկզբանե Իոսիֆ Ստալինի պատկերով, քանդակագործ Սերգեյ Մերկուրովի եւ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակությամբ։
Հետագայում՝ 1962 թ., Ստալինի արձանն ապամոնտաժելուց հետո նույն պատվանդանին 1967 թ. կանգնեցվել է քանդակագործ Արա Հարությունյանի «Մայր Հայաստանը» խորհրդանշող հուշարձանը, որը մարմնավորում է անկոտրում ռազմական ոգու, հայրենիքի պահապան հրեշտակ հայ մոր հավաքական կերպարը։ Հուշարձանի բնորդուհին հենց Գենյա Մուրադյանն է, ով «ՀՀ»-ի հետ զրույցում վերապրեց հիշողություններն ու ակնթարթները, որոնք անմոռաց լեգենդ դարձան։
Հիշում է, 17-18 տարեկան էր՝ լոլիկի հերթում կանգնած, երբ հրավեր ստացավ քանդակագործ Արա Հարությունյանից՝ դառնալու Մայր Հայաստանի բնորդուհին, որով հեղինակը պետք է կերտեր ու վեր հաներ հայ կնոջ, մոր կերպարի իմաստությունն ու խորությունը՝ ընդգծելով կնոջ վեհությունն ու ընտանիքին նվիրվածությունը։
Ի դեպ, տիկին Գենյան բնակվում է Երեւանում, Ալեք Մանուկյան փողոցի բարձրահարկ շենքերից մեկում եւ ամեն օր իր տան բաց պատշգամբից ականատես է լինում, թե ինչպես են վառվում ու հանգչում «Մայր Հայաստան» հուշարձանի լույսերը, հպարտանում է հայի մարտական ոգեղենությամբ…
«Ծնվել եմ պատերազմի տարիներին՝ 1942 թ., իսկ հիշողությանս մեջ մինչեւ հիմա դեռ վառ են մնում այդ սարսափելի ու տառապանքի տարիները, երբ համատարած սով էր, իսկ մեր միակ ուտելիքը հացն էր ու վրան քսած տոմատը, երբեմն յուղը՝ շաքարավազով համեմված։
Հաղթանակը մեզ համար դարձավ խելագարվելու նման մի բան, ի՜նչ ուրախություն ու ցնծություն ապրեցինք, երբ Սովետական Միությունը հաղթանակ տարավ։ Այն մեր դեմքին բերեց փափագած երջանկությունն ու ուրախությունը, եւ մարդիկ վերադարձան իրենց ընտանիքներ։ Թեպետ կորուստները շատ մեծ էին, բայց գոնե ժողովուրդը պահեց գոյությունը, չոչնչացավ։
Ես առանձնահատուկ սիրով եմ նայում այդ արձանին, ոչ թե նրա համար, որ ես եմ բնորդուհին, այլ որ դրա մեջ տեսնում եմ նաեւ մեր հայի հաղթանակը»,–ասում է տիկին Գենյան։
Նախնիները՝ մորական տատն ու պապը եղել են Գանձակից, որտեղից նրանք վտարվելով՝ գաղթել են Բաքու, այնտեղից էլ ստիպված են եղել ՌԴ մեկնել։ Հետո արդեն վերադարձել են Հայաստան մշտական բնակության։
«Երբ պատերազմ էր ընթանում Արցախի ազատագրման համար, դրանք ինձ համար եւս ծանր տարիներ էին։ Ինչ խոսք, աներեւակայելի ցնծությամբ ընդունեցինք Շուշիի ազատագրման մասին լուրը։
Մեծ փառք ու պատիվ էր, որ կարողացանք Արցախի, մեր հողի ազատագրման համար պայքար մղել, որ ժողովուրդը կարողացավ կռվել իր սեփական հողի վրա ապրելու համար։ Այն եղավ մեր պատմության անջնջելի էջերից մեկը, հպարտանալու բան է»,–նկատեց Գենյա Մուրադյանը։
Այսօր ծիծաղով հիշում է ու պատմում նաեւ այն մասին, թե որքան մարտական էր տրամադրված անձամբ մասնակցելու ապրիլյան քառօրյա պատերազմին։ Ասում է՝ անգամ որպես կամավոր ցանկացել է հայտագրվել եւ սահման մեկնել. «Մտածում էի, ավելի լավ է թշնամու գնդակն ինձ դիպչի, քան երիտասարդներին, գոնե խիղճս հանգիստ կլիներ, որ օգնության ձեռք եմ մեկնել։
Սակայն, բարեբախտաբար, դրա կարիքը չառաջացավ, պատերազմը շուտ ավարտվեց, թեպետ նորից անդառնալի կորուստներով։ Գուցե, հենց այդ մարտնչող, հայրենասեր տեսակիս համար էլ բնազդաբար Արա Հարությունյանն ինձ ընտրեց բնորդի դերում»։
Տիկին Գենյան եղել է նաեւ հայկական թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից։ Պատմում է, որ երկրում տիրող լարվածությունն ու հաղթանակի շունչը նույնիսկ ախորժակն էին մոռացնել տվել։ Հիշում է, ինչ ուրախություն ապրելով, արյան բարձր ճնշման տակ հրապարակ է վազել ժողովրդի հետ տոնելու հեղափոխության հաղթանակը։
Նրա խոսքով, Նոր Հայաստանում շատ բան է փոխվել, ժողովուրդը զարթոնք է ապրել, վերարժեւորել ու վերաիմաստավորել կյանքը, զգացել Նոր Հայաստանում նորովի ապրելու բերկրանքը, իսկ հպարտ քաղաքացու դեմքին իրական ժպիտ է նկատել, հույսով ու լավատեսությամբ ողողված։
«Հեղափոխութունը ինձ հոգեկան հանգստություն հաղորդեց, իսկ բազմաթիվ մարդիկ վերագտան իրենց, լցվեցին հույսով ու հավատով, որ մատաղ սերունդը ավելի լավ կյանքով է ապրելու։ Իհարկե, մեր կողքին ապրող դժգոհ զանգված էլ կա, հասկանալի է, որ երկու տարվա ընթացքում հնարավոր չէ երկրում շատ բան փոխել, սակայն ինձ ավելի շատ վշտացնում են ոմանց հակապետական քարոզներն ու ելույթները։
Կարծում եմ, նրանց ինքնագիտակցութունն է պետք բարձրացնել, այդ թվում նաեւ գնահատելու կարողությունն ու լավատեսությունը։ Օրինակ, միայն այն հանգամանքը, որ սահմանը պահող հայ զինվորը սկսել է լավ սնվել, ինձ ոգեւորում է…»,-ասում է տիկին Գենյան։
Թեպետ այս տարի մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգի չի այցելի, սակայն հերթական անգամ բաց պատշգամբից կդիտի ու կվերապրի հայի հաղթանակը։