Մամուլ

Մայրը լացում էր, չէր կարողանում որդու աչքերի մեջ նայել, իսկ տղան ասաց, որ ներել է. Հայկուհի Խաչատրյանը՝ 25 տարից անց մոր և որդու առաջին հանդիպման մասին

Մայրը լացում էր, չէր կարողանում որդու աչքերի մեջ նայել, իսկ տղան ասաց, որ ներել է. Հայկուհի Խաչատրյանը՝ 25 տարից անց մոր և որդու առաջին հանդիպման մասին։ Արդեն տեղեկացրել ենք, որ Շամշադինի Բերդ քաղաքում 1995թ հունվարի 16-ին ծնված տղա երեխան, ով փնտրում էր իր կենսաբանական ծնողներին՝ գտել է։ 

ArmDaily.am-ի հետ զրույցում «Հայոց մայրեր» շարժման համակարգող Հայկուհի Խաչատրյանը հայտնեց, որ երեկ հանդիպում է տեղի ունեցել տղայի և նրա մայրիկի միջև: 

«Քանի որ նրանք չեն ցանկանում հանրայնացնել, մենք հանդիպումը տեսանկարահանել ենք, բայց տեսանյութը հրապարակեցինք դեմքերը փակված և ձայները փոխած:

Քանի որ չորս օրում հնարավոր չէր օրինական որդեգրում իրականացնել, մի կողմից գնորդն է, մյուս կողմից վաճառողը, գնորդը հասկանում ենք՝ տղային մեծացրած մարդիկ են, այդ պատճառով տղան չի ուզում քրեական գործ կամ հրապարակային գործընթացներ լինեն, ընդամենը կարող ենք ասել, որ կարողացանք օգնել տղային և 25 տարի անց գտնել տղայի կենսաբանական մայրիկին»,- ասաց Խաչատրյանը: 

Հարցին՝ ինչպե՞ս անցավ հանդիպումը, մայրը ինչպե՞ս ընդունեց որդուն, տեղյա՞կ էր արդյոք որդու ողջ լինելու մասին՝ Խաչատրյանը պատասխանեց.

«Մայրը տեղյակ էր որդու ողջ լինելու մասին, բայց չգիտեր որտեղ է իր որդին, նրանք խոստացան, որ հետագայում կշփվեն, մայրը լացում էր, չէր կարողանում տղայի աչքերի մեջ նայել, որ միայն սկզբնական փուլում է քայլեր արել, հետագայում որևէ քայլ չի արել որդուն գտնելու ուղղությամբ:

Տղան ասաց, որ ներում է մորը՝ անկախ ամեն ինչից, քանի որ կին է, հնարավոր է ճնշումներ են եղել, որ սիրած տղայի հետ օրինական հարաբերությունների մեջ չի եղել, ինչի արդյունում որդի է ունեցել ու դրա համար քարկոծվել է, չի կարողացել երեխային պահել, երեխային խլել են: Հայրը մահացած է, բայց հորեղբոր տղաները ևս գտան նրան:

Մայրը հետագայում ամուսնացել էր ապրում էր Երևանում, իսկ տղան Հայաստանում չէր ապրում, եկել է Հայաստան, իմացել է մեր շարժման մասին, դիմեց ինձ, ես գտա համապատասխան անձանց, հիվանդանոցի աշխատակիցներ, արխիվից հանեցինք համապատասխան տեղեկությունները՝ հարցման միջոցով գտանք: Նրանք շատ նման են, անգամ ԴՆԹ անելու կարիք չկա»: 

Անդրադառնալով տղային որդեգրող ընտանիքին՝ Խաչատրյանը նշեց. «Տղային որդեգրող հայրը մահացել է, մայրը տեղյակ չի եղել, թե երեխան որտեղից, երեխային բերել տվել են, ասել են քո երեխան է, պահիր մեծացրու:

Տղան շատ դրական, խելացի երիտասարդ է, ինքը մորն ասել է, որ միայն ուզում է գտնել իր կենսաբանական ծնողներին, հասկանալ, թե ինչը ոնց է եղել, քանի որ չի ուզում անորոշության մեջ ապրել:

Մայրը մտածել է, որ երեխան որդեգրված է եղել, ու չի հարցրել թե որտեղից և ովքեր են կենսաբանական ծնողները, իսկ երեխան որդեգրող ընտանիքում շատ սիրված է եղել, որդեգրող տատիկը բոլոր թոռների մեջ իրեն է շատ սիրել, դրա համար ինքն ասում էր, որ ընտանիքի վերաբերմունքից անհնար էր հասկանալ, որ օտար է այդ տանը»:

Հայկուհի Խաչատրյանը հավելեց նաև, որ տղան մի քանի օրից կրկին մեկնելու է Հայաստանից:

Կիսվել