Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, 86 տարեկան հասակում
Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ, երկրի վարչապետ, Փարիզի քաղաքապետ Ժակ Շիրակը, 86 տարեկան հասակում․ հայտնում է BFM հեռուստաընկերությունը: Նախագահը հոսպիտալացվել էր թոքերի վարակ ախտորոշմամբ։
Ժակ Շիրակը սովորել է Կառնո և Լյուդովիկոս Մեծի լիցեյներում, երեք ամիս աշխատել է փոխադրանավում: Ծառայել է ֆրանսիական բանակում, 1956-1957 թվականներին մասնակցել է Ալժիրի պատերազմին, որտեղ վիրավորվել է: Բարձրագույն կրթությունն ստացել է Ֆրանսիայի հեղինակավոր ուսումնական հաստատություններում՝ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում և Վարչության ազգային դպրոցում (1957):
Ուսումն ավարտելուց հետո դարձել է պետական ծառայող (Հաշվիչ պալատի աուդիտոր, 1959 թվական), ապա սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ: Երիտասարդ տարիքում տարված է եղել կոմունիստական գաղափարներով, տարածել «Յումանիտե» թերթը:
1962 թվականին զբաղեցրել է իր առաջին քաղաքական պաշտոնը՝ Սան-Ֆերեոլի մունիցիպալ խորհրդական, այնուհետև գյուղատնտեսության նախարար, իսկ նախագահ Ժիսկար դ’Էստենի օրոք՝ Ֆրանսիայի վարչապետ: 1988 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին և պարտվել Միտերանին: Իսկ 1995 թվականի ընտրություններում նրա մասնակցությունը հաջողությամբ է պսակվել:
Ժակ Շիրակն ընտրվել է Ֆրասիայի նախագահ 1995 թվականին և այդ պաշտոնում աշխատել է 12 տարի: Ժակ Շիրակի գործունեությունն արժանացել է ֆրանսիական և արտասահմանյան բազմաթիվ պարգևների: