Մահացել է մարդկանց տարհանմանն օգնած Կարեն Ենգիբարյանը
Մոսկվայում մահացել է Crocus City Hall-ի ողբերգության ժամանակ մարդկանց տարհանմանն օգնած հայազգի Կարեն Ենգիբարյանը։ Տեղեկությունը Bavnews.am-ին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը:
35-ամյա Կարենը աշխատում էր արտաքին գովազդ տեղադրող ընկերությունում և ողբերգության պահին գտնվել է համերգասրահից ոչ հեռու։ Համերգասրահի տանիքին ծուխ է տեսել և վազել դեպի կենտրոնական մուտքը։ Մարդկանց դուրս է հանել ծխից, տարել բժիշկների մոտ ու վերադարձել։ Տուժածներից մեկին տվել է իր վերնազգեստը։
Կարենը միայն առավոտյան է տուն վերադարձել։ Արդյունքում տղամարդը չափազանց շատ շմոլ գազ է շնչել ու մրսել է. շտապօգնության ժամանման պահին ջերմաստիճանը եղել է 38,5:
Նրան հոսպիտալացրել են «շնչուղիների սուր վարակ» ախտորոշմամբ, վիճակը վատթարացել է հետագա օրերին։ Ցավոք, նրան փրկել չի հաջողվել։
Մարտի 30-ին հայկական եկեղեցական համալիրի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի կունենա Ենգիբարյանի վերջին հրաժեշտը: Կարեն Ենգիբարյանն ընդամենը 3 տարի առաջ էր ամուսնացել։