Ճանապարհով անասուններ քշելու տուգանքը կկազմի 15 հազար դրամ
Ճանապարհով անասուններ քշելու տուգանքը կկազմի 15 հազար դրամ
Գործադիրն իր այսօրվա՝ ապրիլի 27-ի նիստում հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:
Հիմնավորման համաձայն՝ վերջին 10 տարիներին Հայաստանում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվն աճել է՝ եթե 2010 թվականին այդ թիվը 294 էր‚ ապա 2020 թ. այն հասել է 348-ի, 2021 թ.՝ 367-ի, իսկ 2022 թ.՝ 321-ի։
Նախագծերով առաջարկվում է խստացնել օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգի խախտման համար սահմանված պատասխանատվության միջոցները։
Մասնավորապես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 140-րդ հոդվածով ճանապարհները, երկաթուղային գծանցները և ճանապարհի այլ ինժեներական կառույցները վնասելու համար սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, մինչդեռ կատարված իրավախախտմամբ հանրությանը և պետությանը պատճառվում է ավելի մեծ չափերի հասնող նյութական վնաս, ինչպես նաև հանգեցնում է ՃՏՊ-ների ավելացմանը։ Այդ իսկ պատճառով նախագծով նախատեսվել է սահմանված տուգանքը եռապատել՝ հասցնելով նվազագույն աշխատավարձի յոթանասունհինգապատիկի, ինչպես նաև՝ եթե նախատեսված արարքները կատարելու հետևանքով անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ նախատեսվել է սահմանված տուգանքը եռապատել՝ հասցնելով նվազագույն աշխատավարձի իննսունապատիկի։
Առաջակվում է վերանայել օրենսգրքի 1502-րդ հոդվածի տույժ տուգանքները՝ եռապատկելով դրանք:
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կողային առուները ոռոգման նպատակով օգտագործելու, երթևեկամասի և կողնակների վրա կողմնակի առարկաներ թողնելու, չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների ճանապարհից դուրս գալու կամ ճանապարհ մտնելու, ինժեներական շինությունների (երթևեկելի մասի, կողնակների ու մայթերի, հետիոտն և հեծանվաուղիների, կամուրջների, ավտոտաղավարների և այլ կառույցների, ճանապարհային նշանների, լուսավորող սարքավորումների, պարսպումների ու կանաչ տնկիների) վնասման և աղտոտման համար՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` առաջարկվում է տուգանքները սահմանել նվազագույն աշխատավարձի հարյուր քսանապատիկի, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկի չափով։
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասով և բաժանարար գոտիով անասուններ քշելու, ճանապարհի պաշտպանական գոտում առանց մշտական հսկողության անասուն արածեցնելու համար՝ տուգանքի չափը նախատեսվում է սահմանել նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով։
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում ինքնակամ պլակատներ, ցուցանակներ, ազդագրեր կամ այլ առարկաներ տեղակայելու այն դեպքերը, որոնք չեն պարունակում ճանապարհային նշանների տարրեր կամ պարունակում են գովազդի տարրեր` առաջարկվում է նախազգուշացումից հետո վեց ամսվա ընթացքում արարքը կրկին կատարելու դեպքում կիրառել տուգանք միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով։