Ղրիմի պայթյունի գործով հիշատակվող ընկերության հասցեում վարձով տված բնակարան է Ալավերդիում
Ղրիմի պայթյունի գործով հիշատակվող ընկերության հասցեում վարձով տված բնակարան է Ալավերդիում
«Սպուտնիկ Արմենիան» գրում է․ Ղրիմի կամրջի պայթյունի փաստով հարուցված քրեական գործի նյութերում հիշատակվող հայկական ընկերությունը` «ԳՈւ ԱՐ ՋԻ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ն, գրանցված է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ջրավազան փողոց 30, բն. 11 հասցեում, գրում է «Սպուտնիկ Արմենիան»:
Այս տվյալները գրանցված են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում։
Նույն աղբյուրից նաև տեղեկանում ենք, որ «ԳՈւ ԱՐ ՋԻ ԳՐՈւՊ» ՍՊԸ–ն գրանցվել է մեկ տարի առաջ` 2021թ-ի նոյեմբերի 4–ին։
ՊԵԿ կայքում հրապարակված տեղեկատվությունն էլ հուշում է, որ «ԳՈւ ԱՐ ՋԻ ԳՐՈւՊ»–ը մեկամյա գործունեության ընթացքում հասցրել է դառնալ ՀՀ խոշոր հարկատու։
2022թ–ի առաջին կիսամյակում «ԳՈւ ԱՐ ՋԻ ԳՐՈւՊ»–ը 149 128 000 դրամի հարկ է վճարել և գրավել ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի 798–րդ հորիզոնականը։
Պաշտոնական տվյալներով` մարզային այս ընկերությունը զբաղվում է թարմ մրգերի և բանջարեղենի մեծածախ առևտրով:
Կայքը պարզել է, որ Ջրավազան փողոց 30 հասցեում բազմաբնակարան շենք է, իսկ 11–րդ բնակարանը, որը գտնվում է 1–ին մուտքի 3–րդ հարկում, ներկա պահին տրված է վարձով։
Ալավերդու մեր աղբյուրը հայտնեց, որ բնակարանում սլավոնական արտաքինով մարդիկ են բնակվում։ Մեր զրուցակցի տեղեկություններով` բնակարանի սեփականատերն ինքն էլ նույն շենքում է բնակվում` մեկ այլ բնակարանում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն է բռնկվել։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել է, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։
Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել է, որ ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։
Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է, որ բեռնատարը, որի մեջ ենթադրաբար եղել է պայթուցիկը, Օդեսայից մեկնել է Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, ապա Վրաստանի տարածքով գնացել Ռուսաստան։
Բեռնատարում պայթուցիկը թաքցված է եղել պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթների մեջ։