Ղազախ սահմանապահները Կասպիցում կրակ են բացել ծովային սահմանը խախտած ադրբեջանցիների վրա. կա զոհ
Ղազախ սահմանապահները Կասպիցում կրակ են բացել ծովային սահմանը խախտած ադրբեջանցիների վրա. կա զոհ
Lragir.am-ը գրում է․ Ադրբեջանական մամուլը, հղում անելով ղազախական աղբյուրներին, հայտնել է, որ ղազախ սահմանապահները Կասպիցում կրակ են բացել ադրբեջանցի ձկնորսների վրա, որոնց նավը խախտել է ծովային սահմանը: Զոհվել է ադրբեջանցի ձկնորսներից մեկը, կան վիրավորներ:
Բավական տարօրինակ պատմություն է եւ հարց է առաջացնում, թե ինչու՞ են ղազախ սահմանապահները այդպես կոշտ արձագանքել ձկնորսական նավի սահմանախախտման փաստին: Հազիվ թե սահմանապահ գործընթացը հնարավորություն չտար վարվել այլ կերպ, թեեւ իհարկե հասկանալի է, որ խոսքը պետական սահմանի մասին է:
Այդուհանդերձ, խախտողն ի վերջո եղել է ձկնորսական նավ, ոչ թե ռազմանավ: Արդյոք որոշակի կուտակված լարվածություն է եղել ղազախ-ադրբեջանական այդ սահմանային հատվածում, հնարավոր է տարբեր միջադեպերի կամ գործոնների հետեւանքով:
Ղազախստանի եւ Ադրբեջանի քաղաքական ջերմ հարաբերությունը Հայաստանի համար զգալի է եղել: Այդ հարաբերության այսպես ասած տխուր եւ ամոթալի արտահայտությունը Հայաստանի համար 2014 թվականի մայիսն էր, երբ ԵՏՄ Աստանայի Վեհաժողովում Նազարբաեւը կարդաց Ալիեւի հայտնի նամակը՝ Սերժ Սարգսյանի լռության պայմաններում:
Միաժամանակ, ապրիլյան պատերազմից օրեր անց Ղազախստանն առաջարկել էր, որ Հայաստանում նախատեսված ԵՏՄ վարչապետների հավաքը չեղարկվի, որ Ադրբեջանը չնեղանա: Ի դեպ, Հայաստանը կուլ տվեց դա, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ համաձայնեց մասնակցել տեղափոխված մոսկովյան նիստին, թեեւ պետական արժանապատվությունը ենթադրում էր հակառակը:
Սահմանային մեկ միջադեպը անշուշտ հիմք չէ խորհելու ղազախ-ադրբեջանական հարաբերության մեջ էական փոփոխությունների մասին, սակայն վերջին տարիների աշխարհքաղաքական իրողությունների համատեքստում դրանք միանգամայն կարող էին տեղի ունենալ:
Ի վերջո, հարաբերությունը կառուցվում է շահի վրա, իսկ այդ իմաստով վերջին տարիներին փոխվել է շատ բան, եւ դա էլ նաեւ ստիպել էր Ղազախստանի նախագահ Նազարբաեւին հեռանալ պաշտոնից, թեեւ թվում էր, թե նա նախագահ է ցմահ:
Ի դեպ, այդ իմաստով հետաքրքիր է արդեն 2019 թվականին՝ ԵՏՄ պատվավոր նախագահի կարգավիճակում Նազարբաեւի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, որտեղ նա կարծես թե արդարանում էր Հայաստանի հանդեպ իր նախկին քաղաքականության համար:
Բանն այն է, որ եվրասիական տարածությունում Ադրբեջանը կորցնում է իր արդիականությունը, ինչը պայմանավորված չէ լոկ էներգետիկ նշանակության կորստով: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանում սրվում է իշխանության համար պայքարը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, ու թեեւ այն զգալիորեն ընթանում է լատենտ, սակայն ավելի ու ավելի նկատելի դրսեւորումներով:
2017 թվականին Նազարբաեւը ԱՄՆ նախագահ Թրամփին միայն Չինաստանի համար չէ, որ հորդորում էր մենակ չթողնել իրենց Կենտրոնական Ասիայում: Ադրբեջանի ռազմատենչությունը, միլիարդավոր դոլարների սպառազինությունը ամենեւին նախատեսված չէ միայն հայկական կողմ նայելու համար:
Դա հիանալի պատկերացնում է ոչ միայն Իրանը, այլեւ Ղազախստանը, եւ առավել եւս Կասպիցի բաժանման գրեթե հավերժական խնդրում ներգրավված պետությունները: