Ղազախստանի նախագահն ու Ճապոնիայի վարչապետը Փաշինյանին շնորհավորական ուղերձ են հղել
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ են հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։
Նուրսուլթան Նազարբաևի ուղերձում ասվում է․
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:
Մաղթում եմ, որպեսզի Ձեր ակտիվ աշխատանքը պատասխանատու պաշտոնում նպաստի Հայաստանի համակողմանի զարգացմանը և միջազգային ասպարեզում հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաև լավ նպատակների իրականացմանը:
Վստահ եմ, որ Աստանայի և Երևանի՝ բարեկամության և ըմբռնման վրա հիմնված փոխշահավետ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել հանուն մեր ժողովուրդների զարգացման:
Հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություն պատասխանատու պաշտոնում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում», – ասված է Ղազախստանի նախագահի ուղերձում:
Իսկ Սինձո Աբեն իր ուղերձում ասել է․
«Հայաստանը Ճապոնիայի հուսալի գործընկերն է, որը կիսում է այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, և երկու երկրները սերտորեն համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային ասպարեզում:
«Վստահ եմ՝ Ձեր ղեկավարությամբ մեր երկրների հարաբերությունները հետագա ընդլայնման և զարգացման մեծ ներուժ ունեն: Հույս ունեմ, որ Ճապոնիայի և Հայաստանի, ինչպես նաև մեր ժողովուրդների միջև կապերը կշարունակեն խորանալ և ամրապնդվել: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ՝ ի շահ Հայաստանի հետագա բարգավաճման», – ասված է Ճապոնիայի վարչապետի ուղերձում: