«Ձեր ուղեղները հարթվել են, ես ձեզ խղճում եմ…»․ «Շշի Մելոյի» քույրը՝ օգտարերերին
Գործարարներ Մելիք և Ռոբերտ Մանուկյանների քույրը Մելիք Մանուկյանի դեմ իրականացված մահափորձի և մյուս եղբորը կալանավորելու հետ կապված բաց նամակ է հրապարակել։
«Բոլոր այն օգտատերերին, ովքեր այս օրերին փորձեցին իրենց կեղտոտ մտքերն ու անմարդկային դեմքերը ցույց տալ ֆեյսբուքյան հանրությանը։ Երևի շատ քչերը հասկացան, որ Մելիք Մանուկյանի դեմ մահափորձ է կատարվել ու նա փրկվել է հրաշքով։
Պայթեցվել է միջպետական մայրուղի, որը կարող էր շատերի կյանքը խլել։ Կատարվել է հանցագործություն Հայաստանի քաղաքացու նկատմամբ ու դա ոչ ոքի չհուզեց, որովհետև մարդկային ամեն ինչը վերացել է ձեր մեջ։ Ձեր ուղեղները հարթվել են։ Ես ձեզ խղճում եմ…
Մելիք Մանուկյանի հետ իր ամբողջ կյանքում եղել է, կա ու կլինի նրա մեծ ընտանիքը (գերդաստանը), որը ո՛չ վաճառվում է, ո՛չ գնվում է, ո՛չ դավաճանում։ Նրա կողքին են նրա ընկերները, որոնք օժտված են այս նույն կարևոր հատկանիշներով։
Նա ունի մեծագույն հարգանք ամբողջ Աբովյան քաղաքում և Հանրապետությունում ( «Շշի Մելո» մականունը նրա արտադրած շշերի հետ է կապված, որից օգտվում եք նաև դուք և ձեր շրջապատի մարդիկ, որոշ անհասցե ծնվածներ), որը հասու չէ ձեր ուղեղներին, որովհետև ծանոթ չեք նրա մարդկային տեսակին։
Դուք մի պահ անգամ չփորձեցիք հասկանալ նրա փոքր եղբոր հոգեկան վիճակը, որի աչքի առաջ կանգնած էր մեքենան, որից կարող էր իր եղբայրն այլևս չիջնել: Բորենիների պես հարձակվեցիք մի մարդու վրա, որը պատրաստ էր իր եղբոր փոխարեն այդ պահին մեքենայի մեջ լիներ։
Չնայած այդ հասկանալու համար ընդամենը հարկավոր է մարդ լինել, որից դուք զրկվել եք ձեր կենդանական բնազդների պատճառով։ Սկսվեց մարդկանց վատաբանելու ձեր ֆեյսբուքյան արշավը, հրճվանքը, խրախճանքը ՝ փորձելով ձևավորել նրա հանցագործ կերպարը։
Ես ցավով եմ գրում սա, որովհետև չէի ուզի, որ իմ երկրում ձևավորվեր մի մարդկային տեսակ, որին խորթ է նույնիսկ ամենադժվար կացության մեջ մարդուն սատարելու կարողությունը։
Որն ընդունակ է մաղձ ու զրպարտանք թափել ցանկացած մարդու հասցեին։ Սա ձեզ ասում է Մելիք Մանուկյանի և Ռոբերտ Մանուկյանի քույրը, որը պատրաստ է լսելու ցանկացած կեղտոտ և ճղճիմ մտքեր, որովհետև ձեզ դրա համար վճարում են, և դուք մենակ դրան եք ընդունակ», – գրված է նամակում։