Ձերբակալվել է ԲՀԿ-ական թեկնածուն․ «Հրապարակ»
Ձերբակալվել է ԲՀԿ-ական թեկնածուն
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ընդդիմադիր ուժերն իրենց շտաբներում աշխատում են առավելագույնս զգուշավոր, ջանում են կասկածելի մարդկանց չընդունել, քանի որ հասկացել են, որ գտնվում են իրավապահների խոշորացույցի տակ, եւ ցանկացած կասկածելի ելումուտ կարող է շոուի նյութ դառնալ՝ ընտրակեղծիքների թեմայով։
Շտաբի պատասխանատուներից մեկը անկեղծացավ, որ չնայած շտաբները բացվել են ընտրությունների համար, բայց կարեւոր հանդիպումները հաճախ այլ՝ աչքից հեռու վայրերում են անում։
Նախօրեին ձերբակալվել է ԲՀԿ-ական թեկնածու Արամայիս Ապրոյանը՝ ցուցակի 83-րդ համարը, Գավառի գրասենյակի ղեկավարը։
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ «նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. հունիսի 8-ին, ժամը 21:20-ի սահմաններում կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Ա. Ա.-ն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին»։
Ըստ դատախազության՝ Ս. Զ.-ն 8 ընտրողի կաշառք է տվել՝ մեկական փաթեթ սննդամթերք՝ մոտ 7000 դրամ արժողությամբ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։