Շոու-բիզնես

Հրանտ Թոխատյանը դարձավ 62 տարեկան

Երեկ հայ դերասան, մշակութային գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն էր։ Հրանտ Թոխատյանը դարձավ 62 տարեկան։

Հրանտ Թոխատյանը ծնվել է Արամ և Եվգենյա Թոխատյանների ընտանիքում: Հայրը մասնագիտությամբ 1-ին դասի ավտոմեխանիկ էր, ավտոռալլիստ, իսկ մայրը՝ անտառային տնտեսության ինժեներ:

Նախկին ամուսնություններից Թոխատյանն ունի երկու որդի: Ներկայիս կինը Երևանի կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է: Նրանք ունեն մեկ դուստր:

Հրանտ Թոխատյանը ներկայումս ակտիվորեն հանդես է գալիս կինոյում և թատերական ներկայացումներում՝ համագործակցելով հայ, ռուս, ինչպես նաև օտարերկրացի ռեժիսորների, պրոդյուսերների, թատերական գործիչների և կինոընկերությունների հետ:

Թոխատյանը բուռն գործունեություն է ծավալում ոչ միայն հայրենիքում, այլև Ռուսաստանում: Զուգահեռաբար դերասանը մասնակցում է նաև բարեգործական և հայրենանվեր նախագծերին, որոնց թվում են «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի լայնածավալ ակցիան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա մարաթոնը, ինչպես նաև Հայկ Մարությանի և Վազգեն Ասատրյանի հետ միասին նախաձեռնած ճանապարհաշինական աշխատանքները Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք սահմանամերձ գյուղում և այլն:

Հրանտ Թոխատյանը ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական կյանքին, Երևանի շենք-շինությունների պահպանությանն ուղղված նախաձեռնության անդամ է: Իսկ երեխաների նկատմամբ ունեցած սիրով պայմանավորված է Թոխատյանի առաջնահերթ նպատակը՝ Երևանում ստեղծել մանկական թատրոն:

Կիսվել