Հրանտ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը
Հրանտ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար։
Այս մասին Oragir.news-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական, տեղեկատվական համակարգից, գործը դատարանը ստացել է հոկտեմբերի 23-ին և մակագրել դատավոր Մանվել Շահվերդյանին։
Մեղադրանքի համաձայն՝ Բագրատյանը 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16:30-ից 18:00-ն, Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության հավաքի ժամանակ բարձրացել է որպես ելույթի հարթակ ծառայող ավտոքարշակի թափքի վրա և բարձրախոսով՝ հրապարակային եղանակով, որը լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով և ինտերնետային կայքերով, հետևաբար հասու է դարձել հասարակության լայն շրջանակի, քաղաքական հայացքներով պայմանավորված, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված անվտանգային և տնտեսական վիճակի մեջ մեղադրելով վերջինիս, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր։
Մասնավորապես, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։
«Այդ գործողությունը ՀՀ-ում հետպատերազմական, կարելի է ասել՝ շարունակվող պատերազմական իրավիճակով և լարված քաղաքական իրադրությամբ պայմանավորված՝ Հ. Բագրատյանի համակիրների կամ որոշակի կարգավիճակում գտնվող անձանց՝ «ընդդիմադիր հայացքներ ունեցող, պատերազմից տուժած ընտանիքների» մոտ, առանց խոսքի արժանահավատությունը վերլուծելու, բռնության կոչերն իրագործելու իրական վտանգ է ստեղծել»,- նշվում է մեղադրանքում։
Հրանտ Բագրատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։