Հրազդանի կիրճում իրանցի տղամարդը ավտոմեքենայում վիճաբանել է կնոջ հետ ու միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել
Հրազդանի կիրճում իրանցի տղամարդը ավտոմեքենայում վիճաբանել է կնոջ հետ ու միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Անդրանիկ Մարգարյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Հովհաննիսյանը օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Հրազդանի կիրճում Mercedes GL459 մակնիշի ավտոմեքենայի մեջ արյունոտված վիճակում քաղաքացի կա։
Պարեկները կարճ ժամանակում պարզում են, թե Հրազդանի կիրճի որ հատվածում է գտնվում Mercedes-ը ու այն հայտնաբերում են։Որոշ ժամանակ անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին, և հայտնում են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ 103 շտապօգնության 017 խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Հիվանդանոց է մեկնում Ոստիկանության Մալաթիայի բաժնի խումբը՝ անչափահասների գործերով տեսուչի գլխավորությամբ։ Արդեն տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է հետազոտման փուլում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, սակայն մինչ նրան կհետազոտեին, նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է Հրազդանի կիրճում ավտոմեքենայից վայր ընկնելու հետևանքով։
Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 38-ամյա Տաթևիկ Ն.-ն է։ Իսկ արդեն ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ կարճ ժամանակում պարզել են, որ ժամը 03:00-ից 04:00 ընկած ժամանակահատվածում Տաթևիկ Ն.-ն եղել է Երևանի բնակիչ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 47-ամյա Դավիթ Ի-ի կողմից շահագործվող Mercedes GL450 մակնիշի ավտոմեքենայում։
Արդեն ավտոմեքենայում վիճաբանություն է առաջացել նրանց միջև, որի ժամանակ Դավիթ Ի.-ն հարվածել է Տաթևիկ Ն-ին, ապա վերջինս ավտոմեքենայում մի քանի անգամ հարվածել է Դավիթ Ի.-ի դեմքին, կրծքավանդակին, իսկ հետո ավտոմեքենայի դուռը բացել ու դուրս է եկել։ 2-ն էլ ստացել են մարմնական վնասվածքներ։ Իսկ երբ պարեկ Ա. Մարգարյանն ու կրտսեր պարեկ Հ. Հովհաննիսյանը նկատել են Դավիթ Ի.-ին, նա փորձել է արդարանալ, թե ոչինչ չի եղել՝ «ես չեմ տուժել», սակայն դեմքին ու հագուստին արնանաման հետքեր են եղել։
Դավիթ Ի.-ն տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։ Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Տաթևիկ Ն.-ն և Դավիթ Ի.-ն հայտնել են, որ իրենք ամուսիններ են։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պահպանվող հատուկ տարածք։