Հովհաննես Շահինյանի փոխարեն կառաջադրվի Արտակ Գալստյա՞նը․ «Հրապարակ»
Հովհաննես Շահինյանի փոխարեն կառաջադրվի Արտակ Գալստյա՞նը
Դեկտեմբերին «Հրապարակը» գրել էր, որ Երեւանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը, որպես քաղաքապետի թեկնածու կառաջադրվի Երեւանի ավագանու ընտրություններին, որը կայանալու է 2023 թվականի սեպտեմբերին՝ եթե, իհարկե, արտահերթ ընտրություններ չկայանան։
«Հրապարակ»-ի հետ զույցում նշել էր, թե որպես «Երեւան 2805» նախաձեռնության հիմնադիր է նման որոշում կայացրել եւ առաջադրվելու է Դոգի` Վարդան Ղուկասյանի ձեւավորած «Հանրային ձայն» կուսակցության ցուցակով:
Սակայն մենք տեղեկացանք, որ որոշ փոփոխություններ են եղել` Դոգը որոշել է առաջին համար գրել ոչ թե Հովհաննես Շահինյանին, այլ իր կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին:
Հովհաննես Շահինյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ «Հանրային ձայնն» այն բացառիկ կուսակցությունն է, որը չի ասոցացվում նախկինների ու ներկաների, ասել է թե՝ սևերի ու սպիտակների հետ, դա է պատճառը, որ ինքը հարել է դրան:
Երեկ Շահինյանը մեզ հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ հնարավոր է առաջին համարը լինի ոչ թե ինքը, այլ Արտակ Գալստյանը.
«Կարող է Արտակ Գալստյանն առաջին համարը զբաղեցնել, սակայն հստակ չի որոշվել, կոնֆիգուրացիաներից կերևա, թե ինչ ձևաչափով կառաջադրվեն մրցակից ուժերը: Որ համարն ինձ կուսակցությունն առաջարկի, այդ համարն էլ կընտրեմ: Առաջին համարը հնարավոր է ես լինեմ, հնարավոր է ես չլինեմ, չգիտեմ:
Գիտեք, երբ թիմում նման հարցեր են առաջանում, լարվածություն է առաջանում, արդյունքում ստեղծվում է անառողջ մթնոլորտ», -նշեց Շահինյանը:
Մեր այն հարցին, թե ասում են այս որոշման պատճառը ֆինանսական ծախսերը կիսելու հարցն է, ո՞վ է հոգալու ֆինանսական հարցերը, գուցե իրեն առաջարկվե՞լ է այդ բեռն իր ուսերին վերցնել, ինքը հրաժարվել է և դա է պատճառը, որ առաջին համարը չի լինելու, Հովհաննես Շահինյանն ասաց.
«Ոչինչ վերջնական տեսք չի ստացել, ես հաստատ կառաջադրվեմ, դա օրակարգից դուրս չէ: Ինչ վերաբերում է ֆինանսներին, ապա որևէ նման քննարկում չի եղել, քանի որ ամեն ինչ դեռ քննարկման փուլում է: Գարնանն ամեն ինչ հստակ կդառնա», -նշեց նա:
Այն հարցին էլ, թե Վարդան Ղուկասյանի հետ չի՞ խոսել, չի’ քննարկել այդ հարցերը, Շահինյանն ասաց. «Ես Վարդան Ղուկասյանի հեռախոսահամարը չունեմ»: