Մշակույթ

Հայ մեծագույն բանաստեղծը Հովհաննես Թումանյան ծննդյան օրն է

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռու Դսեղ գյուղում։ Հայ մեծագույն բանաստեղծը ծնվել է հոգևորականի ընտանիքում։

Շատ էր հարգում հորը՝ Թադևոսին: Իր «Ինքնակենսագրության» մեջ գրել է. «Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, եղել է իմ հայրը»: Կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում, հետո՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով թողնում է դպրոցը և սկսում աշխատել:

Թումանյանը սկսում է ստեղծագործել 1880-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է գրել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի համար։ Առաջին ստեղծագործությունը, որ նրան համբավ է բերում, «Շունն ու կատուն» էր։

հովհաննես թումանյան

Հովհաննես Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է “Վերնատուն” գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։

Հովհաննես Թումանյան

1922 թվականին տարած վիրահատությունից հետո Հովհաննես Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։

Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թվականի մարտի 23-ին երեկոյան 9-ին՝ 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։ Դիահերձումը իրականացվել է Մոսկվայում, որտեղ նրա որդի Արեգը խնդրել է իրեն տրամադրել հոր սիրտը ու տարել այն հայրենի գյուղը։

«Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»։

Տարիներ շարունակ այն պահվել է Հովհաննես Թումանյանի առանձնասենյակում։ Մի օր նրանց է այցելել Ավետիք Իսահակյանը, ով համոզում է բարեկամներին սիրտը տեղափոխել Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան։ 1994 թվականին սիրտը նորից տեղափոխվում է ու թաղվում հայրենի տան բակում։