Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների ու Ալիկ Սարգսյանի անունները հայտնվել են նոր քրեական գործում
Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների ու Ալիկ Սարգսյանի անունները հայտնվել են նոր քրեական գործում
«Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենը հաղորդում է ներկայացրել` հայտնելով, որ Հովիկ և Ջոնիկ Աբրահամյաններն ու Ալիկ Սարգսյանը շուրջ 10 տարի առաջ փորձել են տիրանալ իր բիզնեսին։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ «Ավազահատիկ» ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ։ Ներգրավելով վարկային միջոցներ՝ կատարել է շուրջ 80 000 ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրում՝ ձեռք բերելով ավազի լվացման և մաղման հոսքագծեր։
2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի։ Ընդ որում՝ բաժնեմասերի 60 տոկոսը պահանջվել է ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։
Բացի այդ, Նորամարգ համայնքի ղեկավարը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հողատարածքի վարձակալության վերաբերյալ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի հետ ավելի վաղ ստորագրված պայմանագիրը լուծարելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել է հայցադիմումը, որից հետո նոր պայմանագիր է ստորագրվել տվյալ հողատարածքի վարձակալության վերաբերյալ այլ սեփականատերերի հետ։
Ընկերության հիմնադիրն ու վկաներն իրենց ցուցմունքներում նշված չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները։
Նկատի ունենալով, որ քրեական գործում դերակատարություն են ունեցել ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարներ` պաշտոնեական լիազորություններն անցնելու և խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ` հետագա քննության համար։