Մամուլ

«Հերիք ա էլի էդ Սերժի անունը տաք, էդ հանցագործի հետ մեզ չհամեմատես». «Հրապարակ»

«Հերիք ա էլի էդ Սերժի անունը տաք, էդ հանցագործի հետ մեզ չհամեմատես»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Լրագրողների պատվին Նիկոլ Փաշինյանն այսօր` պատկերասրահում, ամանորյա ընդունելություն է կազմակերպել: Հրավիրված են բոլոր հեղափոխական եւ հակահեղափոխական լրագրողները:

Հարցին` ամանորյա էլ ինչ ընդունելություններ է ունենալու պարոն Փաշինյանը, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Ավանդական ընդունելություններն են, նոր բան չի լինելու․․․ գործարարների հետ, ԱԳՆ, ԿԲ, պետական կառավարման համակարգ»:

Նույն` «Սերժի վախտվա» ռեժիմն է, փաստորեն։ «Այո… կներեք, էլի, Սերժի ռեժիմին երեւի Դուք եք կարոտում։ Էդ հանցագործը, որի մի ախպերը 30 միլիոն ա վերադարձրել, մի ախպերը թռած ա, մի ախպոր տղեն փախած ա, էն մեկը 6 միլիոն հետ ա վերադարձրել… ձեր Սերժն էդ ա։ Հերիք ա, էլի, էդ Սերժի անունը տաք»,- մեր կատակից խիստ վրդովվեց Կարապետյանը:

Պարոն Կարապետյան, հումորի զգացողությունն է՞լ եք կորցրել, թե՞ ինձ շեղում եք, որ հարցս չտամ։ «Որ կողմից նայում ես` հանցագործ, գող-ավազակ, ու ես դա բարձրաձայն եմ ասում, կարող եք էս, ինչ ասել եմ, գրել»: Չեմ ուզում գրել, ես դրա համար չեմ զանգել, հարց ունեմ։ «Գիտեմ, որ չեք ուզում գրել»:

Ես իմ հարցն եմ ուզում տալ, ինչո՞ւ եք ինձ Ձեր օրակարգը պարտադրում՝ կարեւոր հարց ունեմ տալու։ Բայց խոսքը բերանիս՝ խոսնակը հեռախոսն անջատեց: Իսկ հարցս վերաբերում էր Փաշինյանի` Անվտանգության խորհրդում հնչեցրած մտքին, թե 1986-ի կարգավիճակին վերադարձ չի լինելու։ Ուզում էի հարցնել՝ թիվը սխա՞լ է նշել՝ նկատի ունի, որ Արցախը մարզի կարգավիճակ չի՞ ունենալու, թե՞ ուրիշ բան։ Ասենք՝ ինքնավար հանրապետությունն Ադրբեջանի կազմում այլ կարգավիճա՞կ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել