Հետաքրքիր ամուսնություն, լավ օժիտ և գոլ ջուր. 100-ամյա Մարիամ տատի երկարակեցության գաղտնիքը
Հետաքրքիր ամուսնություն, լավ օժիտ և գոլ ջուր. 100-ամյա Մարիամ տատի երկարակեցության գաղտնիքը
Armeniasputnik.am-ը գրում է․ Մեկ դար ապրած գյումրեցի տատիկը պատմում է իր անցած ուղին և բացահայտում երկարակեցության պարզ գաղտնիքը։
Մարիամ Եղիազարյանը 100 տարեկան է, բայց ծննդյան օրն ու ամիսը չգիտի:
Իր շատ հասակակիցների նման անձնագրում ամրագրված է միայն ծննդյան տարեթիվը, իսկ ամսվա ու օրվա փոխարեն՝ զրոներ են:
Դա միակ բանն է, որ տատի հիշողության մեջ դաջված չէ, մնացած բոլոր հարցերին Մարիամ տատը շատ սթափ ու ճշգրիտ պատասխան է տալիս:
Կյանքի դժվարությունները նրան չեն ընկճել: Նույնիսկ հիմա չի սիրում բողոքել ու պահանջել:
Ասում են`Մարիամ տատին շատերն են սիրում իր բարության ու դրական էներգիայի համար:
Ապրում է միայնակ. 4 երեխաներից 2-ն արդեն չկան, մեկը երկրում չէ, իսկ նա, ով Հայաստանում է առողջական լուրջ խնդիրներ ունի:
Տատին պարբերաբար թոռներն են այցելում:
Նա հրաժարվում իր տանից բացի այլ տեղ ապրել:
Մարիամ տատի մայրը կարսեցի է, ջարդերի ժամանակ փախել եկել է Գյումրի: Ավելի ուշ ամուսնացել է, իսկ Մարիամին պահել ու մեծացրել է քեռին:
«Քեռիս երեխա չուներ, ինքն էլ, քեռակինս էլ ինձ շատ սիրում ու լավ պահում էին, վերջում էլ լավ օժիտ են տվել»,-պատմում է տատը:
Տատի համար ամենալավ տարիները 30 ականներն էին՝ երիտասարդության տարիները: Պատմում է՝ դրսում առաջինն իրեն սկեսրայրն է տեսել:
«Հարցրել է՝ ու՞մ աղջիկն է, ասել են «կասիր» Սարգիսի աղջիկն է, մյուս օրը եկան ինձ ուզելու: Ես 19 տարեկան էի: Ամուսինս հոր պես մաշինիստ էր (երկաթուղային):
Շատ լավ ամուսին եմ ունեցել, խիստ չի եղել ու ինձ շատ սիրել է:
Կյանքում չեմ աշխատել, ամբողջ կյանքս երեխաներիս, ապա թոռներիս եմ պահել»,-պատմում է տատը:
Խոսելով երկարակեցության մասին՝ նախ ծիծաղում է, ապա ասում՝ շատ ջանք չի գործադրել, ոչ մի արտառոց բաղադրատոմս չունի, միայն շատ է սիրում գոլ ջուր խմել:
Նույնիսկ մի պատառ ուտելուց հետո գոլ ջուր է խմում՝ սովորություն է:
Ծանոթները փաստում են ՝օրական 2 թեյնիկ գոլ ջուր է խմում:
Մարիամ տատը սիրում է առավոտյան լավ ուտել՝ ճաշը տատի համար առաջին կերակուրն է:
«Կյանքիս մեջ դեղ խմած չկամ, միայն մեկ-մեկ, երբ գլուխս շատ է ցավում Ասկոֆեն եմ խմում»,-անկեղծանում է տատը:
Մարիամ տատը նաև վստահեցնում է՝ չնայած անդառնալի կորուստներ է ունեցել՝ որդին ու դուստրը, բայց երբեք մյուսների մոտ չի տրտնջացել։
Այսօր էլ, երբ հարցնում ես` ի՞նչ ես ուզում, ասում է՝ ես ոչինչ, ինձ ոչ մի բան պետք չէ, թող միայն ջահելները լավ լինեն:
Աղբյուր՝ armeniasputnik.am