Մամուլ

Հեղափոխությունից հետո հավատում եմ, որ իմ ընտանիքի համար ևս հեղափոխություն կլինի ու մեր համար էլ լավ օրեր կսկսվեն

Բազմազավակ մոր խնդրանքը բոլոր բարի մարդկանց։ Երևան քաղաքի Արցախի փողոցում է բնակվում բազմազավակ մայր Նինա Մխիթարյանը: 14 քառակուսի բնակարանում ապրող բազմազավակ ընտանիքը ծայրը ծայրին է հասցնում հոգալ առօրյա ապրուստը, հաճախ նույնիսկ օրվա հացն է երազանք մնում ընտանիքի համար: Տիկին Նինան 5 երեխա ունի: Փոքրիկ սենյակում բնակվում են նաև ինքն ու ամուսինը: Երկուսն էլ առողջական խնդիրներ ունեն, սակայն նշում են, որ աշխատանք լինելու դեպքում պատրաստ են աշխատել, նույնիսկ առողջությունը վտանգի ենթարկելով, միայն թե չտեսնեն ինչպես են երեխաները ամեն ինչից զուրկ մեծանում:

Այս բազմազավակ ընտանիքի «Փարոսի» նպաստը կազմում է 53 հազար դրամ, որով մայրը կարողանում է հոգալ որոշ մասով ուտելիքի և կոմունալ ծախսերը: Երեխաներից 3-ը սովորում են դպրոցում, հաճախ են դասերը բաց թողնում, քանի որ դպրոց գնալու համար համապատասխան հագուստ ու կոշիկ չեն ունենում: Երեխաներից մեկն էլ հիվանդ է և այդ ամենի պատճառը փոքրիկ բնակարանի խոնավ պատերն են: «Ամեն օր վախենում եմ, թե կարող է առաստաղը փլվել, երեխաներին վնասել: Երազում եմ տան մասին, որը խոնավ չէր լինի, երեխաներս էլ այսքան շատ չէին հիվանդանա: Հեղափոխությունից հետո հավատում եմ, որ իմ ընտանիքի համար ևս հեղափոխություն կլինի ու մեր համար էլ լավ օրեր կսկսվեն»,-ասում է Նինա Մխիթարյանը:

Տիկին Նինայի բնակարանում անգամ խոհանոց և սանհանգույց չկա. ճաշն էլ այդ նույն սենյակում է պատրաստում: Նինա Մխիթարյանի համար «կյանքը հրաշալի է» արտահայտությունն այնքան էլ տեղին չէ՝ հաշվի առնելով այն բոլոր դժվարությունները, որոնց միջով անցել է նա: Սակայն երեխաների լավ ապագայի հույսը բազմազավակ մայրը պահել է, քանի որ հույս ունի, որ նոր վարչապետը, բարի մարդիկ կօգնեն ոտքի կանգնել, կօգնեն իրականացնել իր երեխաների փոքրիկ երազանքները, որոնցից մեկն էլ Դպրոցի «Առաջին քայլեր»-ի վինետկա ունենալն է: Տիկին Նինան դիմել է և քաղաքապետարան, և թաղապետարան, սակայն մերժել են: Անգամ 5-րդ երեխայից հետո հասանելիք 1.5 միլիոն դրամ հատկացվելիք գումարից միայն 500 հազար դրամն են տվել, մնացածը բանկում է, այնինչ իր երեխաները ներկա պահին սնունդի կարիք ունեն։

Ընտանիքին օգնելու և օժանդակություն ցուցաբերելու համար զանգահարել՝ (093) 76-74-18 (Նինա Մխիթարյան):

Կիսվել