Հավաքների ազատության իրավունքն՝ ըստ Սահմանադրության
Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք): Սա սահմանված է Սահմանադրության 44-րդ հոդվածով՝ հավաքների ազատության իրավունքով։
Բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա: Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում:
Հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով:
Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։
Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը
Հավաքների ազատության անցկացումը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության (այսուհետ՝ հանրության շահեր), այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը (այսուհետ՝ այլ անձանց սահմանադրական իրավունքներ) գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։
Արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։
Հավաքի մասնակից է այն անձը, որը հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով:
Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման վայրում հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնելու կամ աշխատանքային պարտականությունները կատարելու, ստեղծագործական գործունեություն կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ գործունեություն իրականացնելու նպատակով գտնվող անձինք, ինչպես նաև հավաքի լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
Հավաքների ազատության իրազեկմանը ներկայացվող պահանջները
Իրազեկումը ներկայացվում է գրավոր` անձամբ կամ փոստով։
Իրազեկման մեջ պետք է նշվեն`
1) հավաքի վայրը,
2) հավաքի սկզբի և ավարտի մոտավոր ժամանակը,
3) հավաքի նպատակը,
4) մասնակիցների սպասվող թիվը,
5) հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները (պաստառներ, ջահեր, բարձրախոսներ և այլն),
6) կարգադրիչների նախատեսվող թիվը,
7) երթի դեպքում՝ երթի ուղին և ժամանակացույցը,
8) կազմակերպիչների անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները (կցելով փաստաթղթի պատճենը), հեռախոսահամարները, փոստային և էլեկտրոնային հասցեները, իսկ եթե կազմակերպիչն ու հավաքի ղեկավարը տարբեր անձինք են` նաև հավաքի ղեկավարի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները, փոստային հասցեն և առկայության դեպքում` հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեն։
Իրավաբանական անձի կողմից հավաք կազմակերպվելու դեպքում իրազեկման հետ ներկայացվում է նաև այդ մասին իրավաբանական անձի ղեկավար մարմնի կամ կառավարման մարմնի որոշումը։
Եթե հավաքի վայրը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք է, որը հանձնված է վարձակալության, կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք կամ շինություն է, ապա իրազեկման հետ ներկայացվում է նաև վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ։ Վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ չի պահանջվում, եթե յուրաքանչյուր ոք ունի այդ տարածք անարգել մուտք գործելու իրավունք:
Եթե հավաքի կազմակերպչի 14 տարին չի լրացել, ապա նա ներկայացնում է նաև իր օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությունը:
Կազմակերպիչը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված տվյալներում փոփոխությունների մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան հավաքը սկսելուց 24 ժամ առաջ տեղեկացնել լիազոր մարմնին։ Այդ փոփոխությունները չեն կարող փոխել ի գիտություն ընդունված հավաքի էությունը։
Եթե կազմակերպիչը փոխում է սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 7-րդ կետերում նշված տվյալներից որևէ մեկը, որի հետևանքով փոխվում է հավաքի էությունը, ապա դա համարվում է նոր իրազեկում։
Եթե իրազեկումը պարունակում է ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա լիազոր մարմինը դրանք մատնացույց է անում կազմակերպչին՝ նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք՝ կազմակերպչին նախապես կամ հետագայում իրազեկելով այդ մասին։ Եթե իրազեկման մեջ նշված տվյալները ամբողջական չեն, ապա լիազոր մարմինը կազմակերպչին առաջարկում է իր սահմանած ժամկետում համալրել դրանք։
Ինքնաբուխ և շտապ հավաքները․ Հավաքների ազատության իրավունքն
Ինքնաբուխ է որոշակի իրադարձությանը անմիջապես արձագանքելու նպատակով անցկացվող հավաքը (այսուհետ` ինքնաբուխ հավաք)։
Շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում (շտապ հավաք)։
Հավաքն արգելվում է, եթե հավաքի նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է։
Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։
Ոստիկանությունը հավաքը դադարեցնելու պահանջով դիմում է հավաքի ղեկավարին, որը պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին։