Հաջորդ կայարանը՝ Աջափնյակ․ ո՞ր փողոցի վրա կլինի նոր կանգառը
Հաջորդ կայարանը՝ Աջափնյակ․ ո՞ր փողոցի վրա կլինի նոր կանգառը
Մոտ 4 տարի, շուրջ 35 մլն դոլար, եւ Երեւանում մետրոյի 11-րդ կայարանն արդեն իրականություն կդառնա։ Այն ամբողջությամբ իրականացվելու է պետության կողմից, հավանաբար վարկային միջոցներով, այս մասին հայտնում է Հանրային ռադիոն։
Նախագծման մրցույթն արդեն ավարտվել է, հայտնի է, որ հաղթողը ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունն է։ «Ռադիոլուրի» հետ բացառիկ զրույցում «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենը բացի գործարքի ֆինանսական կողմից շեշտել է նաեւ բարեկամականը՝ հիշեցնելով՝ հենց իրենց ընկերությունն է ժամանակին կառուցել երեւանյան մետրոյի ցանցը։
Հաջորդ կայարանը՝ Աջափնյակ։ Մետրոյի ուղեւորների նոր կանգառը կլինի Հալաբյան փողոցի վրա՝ Աբելյանի հետ հատվող մասում, նախկին «Արագած» կինոթատրոնի դիմաց։ Այստեղ գնացքները կհասնեն Հրազդանի կիրճի վրա կառուցվելիք նոր կամրջով։
«Բարեկամությունից» բարեկամությամբ. մի դեպքում մետրոյի կայարանն է, մյուս դեպքում՝ ռուսական ընկերության մոտեցումը: Հայաստանում մետրոյի նոր կայարանը կկառուցի ժամանակին ցանցի կառուցման աշխատանքին մասնակցած ընկերությունը։ Շուրջ 90 տարվա պատմությամբ ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրեն Ալեքսանդր Զեմելմանը «Ռադիոլուրի» հետ բացառիկ զրույցում խոստանում է՝ նոր կայարանն անկրկնելի տեսք է ունենալու։
«Աջափնյակի մետրոյի նախագծումը բարի ավանդույթի և Հայաստանի հետ մեր երկարատև ընկերության շարունակությունն է։ Մենք արդեն իսկ ունենք հստակ պատկերացում կայարանի մասին։ Համոզված ենք՝ չափազանց գեղեցիկ ու չկրկնվող պրոյեկտ է ստացվելու»։
Երեւանի մետրոյի նոր կայարանը ծրագրված ընթացքի դեպքում կգործարկվի շուրջ 4 տարուց։ 30 տարով հետաձգված ծրագիրն արդեն խիստ իրատեսական է։ Մետրոյի նոր կայարանը եւ դրան հասցնող ուղին կնախագծի եւ կկառուցի ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը։ Երեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթել է հենց այս տնտեսվարողը։ Առաջիկայում վերջնականապես կհստակեցվի, թե նոր կայարան տանող ուղին որտեղո՞վ կանցնի, որքանո՞վ պիտանի կլինեն տասնամյակներ առաջ նույն այս նպատակով փորված թունելները։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը կարծում է՝ ժամանակին կիսատ փորված թունելները կօգտագործվեն։
«Կայարանը բաղկացած է լինելու թունելներից։ Ունենք արդեն երկու թունել՝ Բարեկամությունից դեպի ձոր, ամեն մեկը՝ 530 մետր երկարությամբ։ Դրանից հետո գալիս է արդեն կամրջի հատվածը, որից հետո կկարողանանք կառուցել կայարանը»։
Ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը հիշում է՝ մետրոյի՝ Աջափնյակ տանող ուղու եւ 11-րդ կայարանի ծրագիրը երկար պատմություն ունի։ Նպատակը կա խորհրդային տարիներից։ Դեռ այն շրջանում է թունելային զգալի աշխատանք արվել։ Նույնիսկ որոշված էր, թե որտեղ պետք է լինեն գնացքի պլատֆորմը և հետիոտնային անցումները։
«Այդ թունելներն արդեն կան, դրանք գալիս են Կիևյանից մինչև Հրազդան և Հրազդանից փորված են մինչև հիվանդանոց գնացող հատվածը։ Այնտեղ մնում էր սարքել մի կամուրջ, որն անցնելու էր Հրազդան գետը, և հետագայում օգտագործվելու էր որպես միակ ճանապարհ մետրոյի գծի համար»։
Գետնից 20-50 մետր խորության վրա Երեւանում կյանքը «կավելանա» մոտ 1 կմ-ով։ Մետրոյի նոր ուղին կմիացնի Հրազդանի կիրճով բաժանված Երևանի երու մասերը։ Առաջարկ կար կայարանը կառուցել հենց կամրջի վրա, բայց հաշվի առնելով Հայաստանի՝ ստորգետնյա ենթակառուցվածքներ ունենալու անհրաժեշտությունը, մասնագետները դա ճիշտ չեն համարում։ «Մետրոգիպրոտրանսում» լուրջ հետազոտությունների կարիք են տեսնում՝ պարզելու՝ պիտանի՞ են 1970–ականներին փորված թունելները։
«Ես այդ թունելների նկարները տեսել եմ։ Դրանք այդքան էլ լավ վիճակում չեն։ Ամեն դեպքում մենք դրանք կուսումնասիրենք, ու եթե հնարավոր լինի վերականգնել, ուրեմն կօգտագործվեն»։
Նախագծի արդյունքում մետրոյի ուղեւորահոսքը կավելանա։ Զգալիորեն կթեթեւանա Երեւանի երթուղային ծանրաբեռնվածությունը։ Աջափնյակը քաղաքի կենտրոնին կապող ուղիները ներկայում ընդամենը երկուսն են՝ Կիևյանի և Դավիթաշենի կամուրջները։ Մետրոպոլիտենի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնեց, որ արդեն հաշվարկներ են արել․
«Նախնական հաշվարկներ, իհարկե, կան․ մետրոյի առօրյա ուղևորափոխադրումներով 20-25 հազար ուղևոր կավելանա։ Այս ամենի շնորհիվ կթեթևանա ու կբեռնաթափվի նաև մեքենաների հոսքը Կիևյան կամրջի վրայով։ Այսինքն` Աջափնյակ կայարանի կառուցումը ինքնանպատակ չէ»։
Քաղաքակիրթը՝ հնամաշ տրանսպորտի փոխարեն։ Նոր կայարանի կառուցման պրոյեկտը ծախսատար է, բայց՝ անհրաժեշտ․ համոզված է «Սպառողների աջակցման կենտրոն»-ի նախագահ Աշոտ Միրզոյանը։ Մեքենաներով ու երթուղայիններով «խեղդված» քաղաքի համար սա օրախնդիր է՝ ասում է ու շեշտում հարցի մյուս՝ «էներգետիկ» կողմը։
«Հաշվի առնելով, որ մենք ինքներս էլեկտրաէներգիա արտադրող երկիր ենք, հաշվի առնելով ատոմակայանը և այլն, այդ ամենը նախատեսված է եղել, որ էլեկտրական տրանսպորտը մեզ մոտ զարգանա։ Հաշվի առնելով մեր ներկայիս վիճակը, սա մեզ համար շատ ծախսատար պրոյեկտ է, սակայն՝ արդարացված։ Դրա համար Աջափնյակ մետրոյի կառուցումը մեծ նվաճում կլինի։ Հարցն այն է, որ պետք է ճիշտ վարվի նաև հետագա քաղաքականությունը։ Էներգիայի ավելցուկն ուղղվի ճիշտ նպատակին, որպեսզի օգտագործումը լինի շահավետ»։
Ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը հասկանում է նախագծի ֆինանսական ծանր կողմը, բայց շեշտում՝ սրա կարիքը կա ու դեռ վաղուց։ Նաեւ տարակուսում՝ ինչո՞ւ է նոր կայարանի կառուցումը վստահվում օտարերկրյա կազմակերպության։ Հայաստանում, Մինասյանի եւ այլ մասնագետների համոզմամբ, կան եւ մասնագետներ, եւ անհրաժեշտ ռեսուրս՝ մոտ 30 տոկոսով արված աշխատանքն ավարտին հասցնելու համար։
«Սա դեռ շատ շուտ պետք է լիներ։ Եթե կարողանային որոշակի ուշադրություն դարձնել նախագծին, մենք կունենայինք այդ հատվածը, որը շատ կարևոր է Աջափնյակի ժողովրդի համար»։
Կառուցման արժեքը դեռ նախնական է գնահատված։ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախորդիվ փոխանցել էր՝ նոր կայարանը բյուջեին կարժենա շուրջ 35 մլն դոլար։ Այլ գնահատումներով՝ արժեքը շատ ավելի բարձր է՝ 150-200 մլն դոլար։ «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրեն Ալեքսանդր Զեմելմանը դեռ թվեր չի հնչեցնում։
«Հենց որ ձեր ղեկավարությունը հայտնի այդ ինֆորմացիան, ես էլ կասեմ։ Քանի դեռ նրանք լռում են, ճիշտ չի լինի հիմա թվեր հնչեցնել»։
Նախագծման աշխատանքները կտևեն գրեթե մեկ ու կես տարի։ Իսկ Աջափնյակի կայարանը գուցե վերջինը չլինի՝ ըստ «Ռադիոլուրի» տեղեկությունների։ Եթե աշխատանքները բարեհաջող ավարտվեն, առաջարկներ և քննարկումներ են լինելու մետրոյի ցանցը ընդլայնելու շուրջ։